Իոաննիսյանն ասում է՝ «Չենք հաշվել», ChatGPT-ն ասում է՝ 550-770 մարդ կար
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը թռչնի թռիչքի բարձրությունից չի նկարահանել այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կարգալույծ քահանայի կողմից անցկացված և Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագի մասնակիցներին, հետևաբար չի ներկայացնելու հանրությանը, թե քանի աջակից է Փաշինյանն ունեցել այս միջոցառման շրջանակներում։ Այս մասին «168 Ժամ»-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ, Իոաննիսյանը պատասխանեց. «Որովհետև սա քաղաքական միջոցառում չենք ընկալում»։
«168 Ժամ»-ի մյուս հարցին՝ սրանից ավելի քաղաքական միջոցառում կարո՞ղ է լինել, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողը պատասխանեց, թե սա հավաք է՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի իմաստով։
Հետո, երբ հակադարձեցինք, թե եկեղեցում ի՞նչ «հավաք», հաջորդ իսկ նախադասությամբ սկսեց ինքն իրեն հակասել՝ պնդելով, որ Փաշինյանի հովանավորությամբ տեղի ունեցածը հավաք չէ։
«Կա «Հավաքների ազատության մասին» օրենք, որտեղ սահմանված է, թե ինչ է հավաքը։ Սա հավաք չէ օրենքի իմաստով», – նշեց Իոաննիսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ կազմակերպությունն օբյեկտիվությունը չի պահպանում և միայն ընդդիմության հավաքներն է նկարահանում բարձրությունից, «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողը չհամաձայնեց, ասելով՝ իշխանության ցույցերն էլ ենք նկարահանում։
«Քանի որ չենք հաշվել, ես ոչ մի թիվ չեմ ասելու՝ մարդաշատ է, մարդաքիչ է։ Այսինքն՝ օբյեկտիվությունը չպահելու մեկնաբանությունը ո՞րն է։ Կա ՀՀ օրենք Հավաքների ազատության մասին, էդ օրենքի իմաստով հավաքները, որոնք մենք կանխատեսում ենք, որ լինելու է մեծ հավաք, մենք նկարում, հաշվում ենք։ Սա էդ օրենքի իմաստով հավաք չի, սրան մեծ կարևորություն չենք տալիս, էս կիրակի օրով հանգստանում ենք և ոչ թե հավաք հաշվում», – մեկնաբանեց Իոաննիսյանը։

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով մշտապես իրականացնում է ընդդիմադիր տարբեր ուժերի կողմից անցկացվող հանրահավաքները՝ հրապարակելով կոնկրետ թվեր և հնարավորինս մեծ հեռավորությունից արված լուսանկարների միջոցով ցուցադրելով տվյալ հավաքի մասնակիցների նոսրությունը։
Նշենք նաև, որ համացանցում տարածվել է Հովհաննավանքի այսօրվա հավաքի՝ դրոնով արված մի լուսանկար, որտեղ անզեն աչքով երևում է, որ ընդամենը մի քանի հարյուր մարդ է հավաքված։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կեսկատակ-կեսլուրջ գրել է, թե իր ծննդյան միջոցառմանն ավելի շատ մարդ կգար։
Ըստ արհեստական բանականության գործիքներից մեկի՝ տվյալ լուսանկարով Հովհաննավանքի շուրջ հավաքված է 550-770 մարդ։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ քաղաքական արշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության մի շարք անդամների հետ միասին մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ արված աշխարհական Ստեփան Ասատրյանի կողմից Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում անցկացված պատարագին։

