Իշխանությունը վախենում է իմպիչմենտի գործընթացից, դրա համար կալանավորեց Դավիթ Համբարձումյանին. Ցանկացած կայծ բերելու է իշխանությունների հեռացմանը. Դավիթ Ջամալյան
Օրերս հայտնի դարձավ, որ Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատավոր Ժորա Չիչոյանը որոշել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել։
Այս տեղեկությունից մեկ օր էլ չէր անցել, Մոսկվայում գտնվող Դավիթ Համբարձումյանը հայտարարություն տարածեց՝ շեշտելով, որ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քրեական գործի մեջ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա։ Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր թեկուզ չնչին կերպով հիմնավորել իր մեղավոր լինելը։
«7,5 տարի անց ինձ շինծու գործով շուտափույթ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների մասով, և միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։
Ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում, և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով»,- նշել էր Դավիթ Համբարձումյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Դավիթ Համբարձումյանին 6,3 տարով կալանքի որոշում կայացնելն առաջին հերթին վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տագնապում է իմպիչմենտի գործընթացից։
«Իշխանությունն այս կերպ փորձում է կանխել իմպիչմենտի գործընթացը, ինչը նշանակում է, որ մտավախություններ ունեն այդ գործընթացից բխող վտանգներից՝ իրենց իշխանության համար։ Այսինքն՝ հասկանում են, որ այդ գործընթացը կարող է իրենց զրկել իշխանությունից, և դրա դեմ ուղղված քայլեր են անում, բայց դժվար թե հասնեն իրենց նպատակին։
Հակառակը, իշխանությունների այս քայլերն ավելի լեգիտիմ են դարձնում գործընթացը հանրային ընկալման առումով, գործընթացն ավելի շատ կողմնակիցներ կհավաքի։ Իշխանությունների այս քայլն ուղղված է իմպիչմենտի գործընթացի դեմ: Ավելին՝ եթե այս գործընթացին դիմում են նման պարզունակ բռնության քայլով, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հաջող ելքի հավանականությունը շատ բարձր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։
Ըստ նրա, եթե իշխանությունը վտանգներ չզգար, ապա երբեք նման քայլի չէր գնա՝ կալանավորելու ընդդիմադիր համայնքապետին և վարչապետի թեկնածուին։
«Իշխանությունը Դավիթ Համբարձումյանից նաև վախենում է նրա համար, որ այդ մարդն իր համայնքում մեծ հարգանք է վայելում։ Կրկնում եմ՝ իշխանությունը վախեր ունի և ճարահատյալ է կալանավորում Դավիթ Համբարձումյանին։
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հաջող ելքը շատ ավելի հավանական է, քան առաջին հայացքից կարելի է կարծել։ Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից անցել է կրիտիկական բոլոր սահմանները։ Հետևաբար, գրագետ կազմակերպման դեպքում իշխանափոխությունն անխուսափելի է դառնում։ Ցանկացած կայծ բերելու է այս իշխանությունների հեռացմանը»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ՀՀԿ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին։

