Ես խորապես հավատացած եմ, որ աշխարհում ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջխաղացում ունենա ղեկավար պաշտոնի միայն նրա համար, որ նա կին է. Միրզոյան

Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, որն անցկացվել է «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրի ներքո, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Նախ և առաջ խնդրում եմ, սիրելի կանայք, շատ խիստ մի դատեք ինձ, բայց մեզ համար այս օրակարգը թվերի մասին չէ, սա մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին է։ Եթե կարճ ասեմ, սա հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին է։ Ես խորապես հավատացած եմ, որ աշխարհում ոչ ոք չպետք է նշանակվի կամ առաջխաղացում ունենա ղեկավար պաշտոնի միայն նրա համար, որ նա կին է։ Եվ գիտե՞ք ինչ, «տղաների ակումբը» պետք է ընդունի, որ կանայք իրենց հավասար գործընկերներն են և կարող են հավասար դեր ունենալ հասարակությունն առաջնորդելու գործում:

Սա նաև թվերի մասին է, քանի որ թվերն են ցույց տալիս իրական իրավիճակը հասարակության մեջ՝ միտումները, բացերը, այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր։ Եվ այստեղ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ, օրինակ, երբ խոսքը գնում է գիտության, կրթության, տեխնոլոգիաների, տեղեկատվական ոլորտի մասին, իմ երկիրը՝ Հայաստանը, զգալիորեն առաջ է գլոբալ միջին ցուցանիշից։ Իսկ եթե խոսենք դիվանագիտական ծառայության մասին, ապա մեր նախարարությունում դիվանագետների 44,4 տոկոսը կանայք են։ Սա գրեթե իդեալական հավասարություն է։

Այժմ մենք ունենք այնպիսի նախարարությունների ղեկավարներ, որոնք ավանդաբար ղեկավարվել են տղամարդկանց կողմից, ինչպիսիք են, օրինակ, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և նորաստեղծ Հետախուզական ծառայությունը: Այսինքն՝ այս կառույցները երկար ժամանակ եղել են, այսպես կոչված, «տղամարդկանց ակումբի» մաս:

Կցանկանայի ուշադրություն հրավիրել մի ցուցանիշի՝ Գենդերային անհավասարության գլոբալ ցուցանիշը։ Ըստ այս տարվա տվյալների՝ Հայաստանը փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը, Թեև սա դեռևս գերազանց արդյունք չէ, այնուամենայնիվ, վկայում է դրական առաջընթացի մասին: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ մենք իսկապես ունենք այդ տարբերությունը լրացնելու կամք։

Երբ ես խոսում եմ դստերս հետ, և սա, թերևս, մի փոքր անձնական դիտարկում է, քննարկելով այս թեմաները՝ նկատում եմ, որ երիտասարդ սերունդը գնալով ավելի պահանջկոտ է դառնում: Նրանք նույնիսկ չեն ընկալում, թե ինչու պետք է մարդու նկատմամբ տարբեր վերաբերմունք ցուցաբերվի՝ ելնելով նրա սեռից: Եվ սա իսկապես դրական միտում է:

Այստեղ առկա է նաև երրորդ չափումը, երրորդ շերտը։ Այս թեման իմ երկրի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ մենք հետկոնֆլիկտային հասարակություն ենք:

Կառավարության ջանքերին՝ ուղղված պաշտոնական պայմանագրերի ստորագրմանը և կոնկրետ լուծումների մշակմանը, զուգահեռ առկա է նաև հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն: Մենք հասկանում և ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքներնը, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատել»։

Տեսանյութեր

Լրահոս