
Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ. փաստաբանական խումբ

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
Փաստաբանական խմբի հաղորդմամբ, սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը:
Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն Դատարանի որոշմամբ, եթե մինչև 2018 թվականը և դրան հաջորդած ժամանակահատվածում այդ որոշման կայացման համար իրավապահների կողմից Դատարանին ներկայացվեին լուրջ հիմնավորումներ, պատճառաբանություններ և կից նյութեր:
Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր դեռևս 2018 թվականին կայացված Դատարանի որոշումը՝ անհրաժեշտ ու բավարար հիմքերի ընդհանրապես բացակայության և նման միջամտության անհամաչափության հիմքով: Վերաքննիչ դատարանն ի դեմս Դատավոր Լ. Ալավերդյանի, առանց որևէ պատճառաբանության, նախ՝ էապես ձգձգեց բողոքի քննությունը և, ի վերջո, առանց որևէ պատճառաբանության մերժեց բողոքը, չնայած նման հազարավոր այլ դեպքերով, նույնիսկ ավելի նվազ հիմքերով բողոքները բավարարվում են:
Փաստաբանական խումբը հայտնում է, որ Վճռաբեկ բողոք է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ՝ հիմք ընդունելով նույն Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները` փաստացի նախադեպային իրավունքը, որոնցով նման բողոքներին լուծում է տրվել ճիշտ հակառակ ձևով, այն է բավարարելով նման բողոքները:
Ակնհայտ է, որ սա ևս մի տվյալ է, որ Վարդան Հարությունյանի գործով արձանագրվում են ակնհայտ խախտումներ` դատավարական բնույթի, նյութական բնույթի և ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրության, որը մինչ օրս չի վերացվել և ամեն կերպ պահպանվում է:
Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ