
«Իմ արժեքներն ինձ ստիպում են, որ ես չլռեմ». Հայր Շահե
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հայ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի խոսքով՝ սրբազան Արարատի լանջերից մինչև երկրի հովիտներ, դաշտեր, լեռներ՝ հայ ազգն ապրել ու գոյատևել է ոչ միայն սրով, այլ նախևառաջ՝ հոգու զորությամբ։
«Այսօր, հույսի ու պահանջի այս կարևոր պահին, մենք այստեղ մեզ պետք է հարցնենք՝ ո՞ւր է այդ ոգին, որտե՞ղ է այդ ոգին, որ առաջնորդել է մեր հայրենին, մեր նախնիներին ցեղասպանության, սովի, ծարավի, պատերազմի տարիներին։ Այդ հարցի պատասխանը մենք՝ այստեղ հավաքված հազարավոր մարդիկ, ոչ թե փորձում ենք գտնել, այլ փորձում ենք վերագտնել։
Մենք բոլորս, սիրելիներս, կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժնի վրա, ոչ թե մեր հայրենիքի համար հերթական բարօր շրջան ձևավորելու, այլ մեր հայրենիքի գոյության և չգոյության ճամփաբաժնի վրա ենք մենք կանգնած։ Սա վճռորոշ է ոչ միայն քաղաքական, ազգային իմաստով, այլ թույլ տվեք ասել՝ հոգևոր իմաստով»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Նրա խոսքով՝ ոգին կորցնելուց հետո, ազգը դառնում է գերի, առանց ապագայի ազգ, հիշեցնելով, որ հազարամյա պատմության մեջ հայ ազգի աչքի առաջ պետություններ ու կայսրություններ են փլվել, բայց հոգևոր ու բարոյական հետընթացի պատճառը ոչ թե այդ ամենն է, այլ հոգու ու գիտակցության մեջ սկսված ճգնաժամն է։
«Դուք բոլորդ էլ հարցեր ունեք՝ հոգևորականներն այստեղ են, մի՞թե զբաղվում են քաղաքականությամբ, այո՛, զբաղվում են, զբաղվում են ոգու քաղաքականությամբ, զբաղվում են այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ոգու, ազգային հոգու արժեքները պահելու, դրանք վերարծարծելու համար։
Ես չեմ եկել ձեզ համոզելու, սովորաբար իմ ու իմ հոգևոր հայրերի ու եղբայրների տեղը սուրբ խորաններն են։ Բայց ես ձեզ նման մեղավոր, պարզ մի մարդ եմ, ես էլ ձեզ նման ամեն անգամ անում եմ քայլեր, որոնք այդքան էլ արդար և սուրբ չեն, բայց ես եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ խղճին ու սրտին մոտ խոսքով։
Այդ արժեքները, որպես հայ տղամարդ՝ ինձ ստիպում են, որ ես խոսեմ մեր բանտարկված 3՝ Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, տեր Գարեգին քահանայի, նրանց հետ բանտարկված մեր բոլոր քույրերի ու եղբայրների, մեր ազգին ու եկեղեցուն նվիրված զավակի՝ Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների մասին»,- ասաց հայր սուրբը։
Նա շեշտեց՝ իշխանությունները և կառավարությունները շատ հաճախ մոռանում են Հիսուս Քրիստոսի պատգամը, և այդ ժամանակ առանց բարոյական չափանիշների իշխանությունը վերաճում է բռնատիրության, տոտալիտար համակարգի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում