
Սկսում ենք Հայաստանի վերակառուցման շարժումը. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նախ ներկայացրեց իրենց անելիքները՝ նշելով, որ այսօր սկսում են Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժում: Թե ինչպես են հասնելու խաղաղ իշխանափոխությանը և երկրի վերակառուցմանը, նա երեք քայլ նշեց:
«Պետք է պատրաստ լինենք, աշխատենք և գնանք դեպի ընտրություններ, հայ ժողովուրդը կարող է արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց ստիպողաբար ընտրած 10.000-20.000 մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա չազդեն, այսինքն, ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահ:
Խոսեք ձեր հարևանների, բարեկամների, շրջապատի հետ, պատմեք ճշմարտությունը, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, եթե ամեն մեկը 3 հոգու աչքերը կարողանա բացել, վստահեցնում եմ՝ այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,– շարունակեց նա:
Իսկ թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո, Նարեկ Կարապետյանն ասաց, որ պետք է արվի այնպես, որ մեկ օր շուտ հաղթահարվի երկրում աղքատությունը, քանի որ այսօր ՀՀ մարզերում 500.000 մարդ աշխատանք չունի:
Բացի այս, նա խոստացավ, որ Հայաստանի մարզերը և Երևանի վարչական շրջանները զարգացման ծրագրեր և պլաններ կունենան:
Իսկ անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Կարապետյանը հիշեցրեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո սկսվեցին ինչ-որ պրոցեսներ, պայքար բանակի դեմ, և այսօր նույն ձեռագիրն ենք տեսնում:
«Ասեցին, որ գեներալները, սպաները կոռումպացված են, քաջ չեն, չեն կռվում, և մի քանի տարվա ընթացքում տասնյակ սպաներ և գեներալներ հեռացվեցին բանակից: Նույն ձեռագիրն է, այն ժամանակ էլ ասում էին՝ սպան, գեներալը լավը չեն, զինվորը լավն է, հիմա էլ ասում են՝ մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է: Հակադրություն են ստեղծում, քանի որ այլ հակադրություն մեր երկրում չկա. 95 տոկոսը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, 98 տոկոսը հայ է:
Այսինքն, այս հակադրությունները ստեղծել են, որ քանդեն այս կառույցները, հիմա հարց եմ տալիս՝ այսօրվա բանակի՞ց է Ադրբեջանն ավելի շատ վախենում, թե՞ 7 տարի առաջվա:
Նույնն էլ եկեղեցու հետ է լինելու, դուք պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության սյունն է, և դա նրանց մոտ չի հաջողվի»,- նշեց «Մեր ձևով շարժման» համակարգողը:
Մանրամասները՝ տեսանյութում