
3 միլիոն 300.000 դրամ՝ Բրյունետի 30 րոպեանոց ելույթի համար. քաղաքապետարանի` Երևանի տոնի գնումները. շարունակելի

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, ի թիվս այլ արտիստների՝ ելույթ է ունեցել նաև երգչուհի Բրյունետը՝ Էլեն Երեմյանը:
էլեկտրոնային գնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ այս նպատակով պայմանագիրը կնքվել է տոնից հետո՝ հոկտեմբերի 15-ին. Էլեն Երեմյան ԱՁ-ի և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրով Բրյունետի կեսժամանոց տոնական ելույթն արժեցել է 3 միլիոն 300 հազար դրամ:
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ տոնական օրվա առթիվ Հանրապետության հրապարակում «Կարեն-Սևակ» բենդի մեկուկես ժամանոց ելույթի պայմանագրի համար էլ Երևանի քաղաքապետարանը վճարել է 10 միլիոն 666.000 դրամ:
Մենք կշարունակենք տոնական համերգի շրջանակում պայմանագրերի հանրայնացումը, որպեսզի քաղաքացիները իմանան, թե իրենց գրպանի վրա տոնն ինչքան է արժեցել:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հրավիրել էր քաղաքացիներին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։
«Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում: Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի շքեղ հրավառությամբ»,- նշել էին քաղաքապետարանից: