«Եթե Փաշինյանն ունի 680.000 ընտրող, Վեհափառն ունի 8 միլիոնից ավելի ընտրող ամբողջ աշխարհում. սրա դեմ ինչպե՞ս են պայքարելու». Մերուժան Տեր-Գուլանյան

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Մկրտիչ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Գարեգին Արսենյանը ևս մեկ ամսով կալանավորվել է, իսկ մեկ տասնյակի հասնող հոգևորականներին, որոնք երեկ բերման էին ենթարկվել, բաց են թողել՝ առգրավվել են նրանց հեռախոսները։

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ է՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կալանավորի Առաքելական եկեղեցու բոլոր թեմակալ առաջնորդներին, միևնույն է՝ նա չի կարող հաղթել հոգևորականներին ու Առաքելական եկեղեցուն։

Կարդացեք նաև

«Այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է արմատախիլ անել այն, ինչն ազգային է։ Սրանց նմաններն ինչպե՞ս կարող են գրեթե 2000 տարվա պատմություն ունեցող եկեղեցու դեմ պայքարել, չե՛ն կարող։

Սրանք բանակը թուլացրեցին, կրթության, գիտության ոլորտը թուլացրեցին, հիմա հասել են եկեղեցուն, բայց չեն հաջողելու։ Սրանք իրենց պայքարն արմատական արժեքներից են սկսել, բայց Առաքելական եկեղեցին հզոր արմատներ ունի, չեն կարողանալու արմատախիլ անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հայտարարում են, թե պետք է գնան Էջմիածին ու Վեհափառին հեռացնեն Վեհարանից, դա նրանց նախ՝ չի հաջողվելու, և հետո՝ անձամբ է գնալու, նստի Վեհարանի մոտ, եթե Փաշինյանը կարող է, թող գնա ու իրեն էլ հեռացնի։

«Եթե Նիկոլ Փաշինյանն ունի 680.000 ընտրող, Վեհափառ հայրապետն ունի 8 միլիոնից ավելի ընտրողներ ամբողջ աշխարհում, սրա դեմ ինչպե՞ս են պայքարելու։

Դարերի ընթացքում հազարավոր բանակներ են եկել ու գնացել, հազարավոր նվաճողներ, ո՞ւր են նրանք, չկան, բայց Առաքելական եկեղեցին կանգուն է և այդպես էլ մնալու է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ պետք է լինի նաև մեկ ասպետ, ով կառաջնորդի այն մարդկանց, ովքեր չեն ընդունում Նիկոլ Փաշինյանին։

«Ո՞վ պետք է ոտքի կանգնի, հայը, ազգի զավակը, ով կսթափեցնի բոլորին։ Առաքելական եկեղեցուն հաղթելն անհնարին է, սա թող հասկանան»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։

Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիաների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Հիշեցնենք նաև, որ այս պահին կալանավորված են նաև Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Միքայել և Բագրատ սրբազանները։

Տեսանյութեր

Լրահոս