
«Եղել են դեպքեր, երբ կաթողիկոս է հրաժարական տվել, դրանից եկեղեցին փլուզվե՞լ է». Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձում էր համոզել, թե իր կողմից Առաքելական եկեղեցու վրա որևէ հարձակում չկա՝ ասելով, թե եկեղեցու փաստաթղթերից որևէ մեկում գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձն ու եկեղեցին նույնական են։
«Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ, օրինակ, կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել ու գնացել։ Ի՞նչ է եղել դրա արդյունքում, եկեղեցին փլուզվե՞լ է՝ ոչ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում եպիսկոպոս է դատապարտվել ու տարիներ է անցկացրել բանտում։ Ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հերքեց, որ եկեղեցու դեմ այս գործողությունները որևէ կերպ կապված են Ադրբեջանի, մասնավորապես՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի սպառնալից հայտարարությունների հետ՝ ուղղված Առաքելական եկեղեցուն։
Իսկ ինչ վերաբերում է համընկնումներին՝ նա ասաց.
«Անկեղծ, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին, դուք եք հետևում։ Եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ… ասենք, այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ՝ Ադրբեջանում, Իրանում, ԱՄՆ-ում, Գազայի գոտում, Ալժիրում, նույնիսկ Անտարկտիդայում…
… Կարող է պատահել՝ նամազի ժամ է հիմա, այն պահին, երբ հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ։ Այստեղ կարող է հարց հնչել՝ ձեր հարցը պատահակա՞ն հնչեց նամազի մեկնարկի հետ»,- խոսքն ուղղելով լրագրողին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մարամասները՝ 168.am-ի տեսանյութում