
Սամվել Կարապետյանը բիզնեսմեն է, բայց հենց Փաշինյանի քիմքին դուր չեկավ, դարձավ «փող լվացող». Ամստերդամ
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ներկայացված նոր մեղադրանք՝ «փողերի լվացման» վերաբերյալ, որևէ հիմք չունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը, Գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում»,- ասաց Ամստերդամը։
Իսկ ինչ վերաբերում է Կարապետյանին ներկայացված «իշխանությունը տապալելու» մեղադրանքին, ապա, նրա խոսքով՝ այն «կառուցված է Դիսնեյլենդում»։ Նա վստահ է՝ իշխանություններն են էլ դա շատ լավ հասկանում։
Ամստերդամի խոսքով՝ ինքն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում, ներկայում Տանզանիայում ներկայացնում է ընդդիմության շահերը։ Կարծում է, որ նույնիսկ տանզանացիները կամաչեին Կարապետյանի գործից։
«Աֆրիկյան ամենահետամնաց երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»,- ասաց Ամստերդամը։
Միջազգային իրավապաշտպանը կարծում է՝ կառավարությունը ցանկանում է հեղինակազրկել մեծ ժողովրդականություն վայելող Սամվել Կարապետյանին, քանի որ վախենում է գալիք ընտրություններից։
Ամստերդամը խոստանում է՝ մեկ ամսվա ընթացքում իրենք այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին։
Նա շեշտեց՝ դեռ մեղադրանքին չի էլ ծանոթացել, բայց չի էլ կասկածում, որ հիմնազուրկ մի բան է։ Ասում է՝ բավարար է նույնիսկ նայել մեղադրանքի ներկայացման ժամանակահատվածին, և ամեն բան հասկանալի է դառնում։ Սամվել Կարապետյանը տասնամյակներ շարունակ գործարարությամբ է զբաղվել, միլիոնավոր դոլարներ է վաստակել, ու հանկարծ հիմա մեղադրվում է «փողերի լվացման», «հեղափոխական լինելու» համար։ Ըստ նրա՝ պատճառը պարզ է՝ նրանից պարզապես ցանկանում են ազատվել, որովհետև ՀՀ վարչապետը շատ վախեր ունի։