
Արման Թաթոյանը բացառիկ հայրենասեր մարդ է. միանշանակ իրավունք ունի հավակնել ՀՀ վարչապետի աթոռին. Րաֆֆի Ասլանյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին: Վերջինս հայտարարեց՝ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև Արման Թաթոյանի քաղաքական հայտին:
«Արման Թաթոյանն իմ համակուրսեցի ընկերն է, բացառիկ մարդկային հատկանիշներով օժտված, շատ գրագետ, հայրենասեր տղա է: Այսինքն՝ նրա մուտքը քաղաքականություն ցանկացած առումով իրական ընդդիմադիրների կողմից պետք է ոչ թե քարկոծվեր, այլ ողջունվեր»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Վերջինս նկատեց՝ ինքն ավելի շուտ էր սպասում նախկին ՄԻՊ-ի քաղաքական հայտին, կարծում է՝ նա դեռ մի փոքր էլ հապաղել է:
«Միանշանակ Արման Թաթոյանը լիարժեք իրավունք ունի հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին: Թող չափազանցություն չթվա՝ Արման Թաթոյանն իր անձնային հատկանիշներով կարող է գերազանցել շատերին»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ լավ է ճանաչում Արման Թաթոյանին, 6 տարի նույն լսարանում են դասի նստել:
«Արման Թաթոյանն ունի մի շատ կարևոր հատկանիշ ևս, որ լինելով պետական կառավարման համակարգում, ունենալով պետական լծակներ՝ բացարձակապես կոռուպցիայից հեռու անձ է: Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև կոռուպցիան և կոռումպացված պետական չինովնիկը մեր պետության առաջին թշնամիներն են: Ես միշտ եմ դա ասել: Այնպես որ, Թաթոյանի մուտքը պետք է ողջունել և ուրախ լինել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով՝ կոռուպցիան միշտ է եղել, բայց հիմա ավելի ցայտուն դրսևորումներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: