Բաժիններ՝

Հունգարիա-Հայաստան. վճռական բախում՝ աշխարհի առաջնության երազանքի համար

ԱԱ-2026-ի ընտրական փուլի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կմրցի Հունգարիայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)։

Անգլիական մրցավարական բրիգադ՝ Բուդապեշտի խաղին

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հունգարիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։

Հիմնական մրցավարն է Քրիս Քավանան, օգնականները՝ Դենիել Կուկն և Յան Հասինը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Սեմ Բարոթը։ VAR համակարգը վստահվել է Դարեն Ինգլենդին, ում կօգնի Էնդրյու Մեդլինը։

Կարդացեք նաև

Վիլի Օրբան. «Հայաստանին պետք է պարտադիր հաղթենք»

Հունգարիայի ազգային թիմի առանցքային պաշտպան Վիլի Օրբանը հայտարարել է, որ առաջիկա խաղը վճռորոշ է՝ աշխարհի առաջնության երազանքը կենդանի պահելու համար։

«Հայաստանին պարտադիր պետք է հաղթենք։ Մենք դեռ վիճակահանությունից գիտեինք, որ Հայաստանին պետք է հաղթենք և՛ տանը, և՛ դրսում։ Հակառակ դեպքում աշխարհի առաջնության մասին երազելն անիմաստ է»,- ասել է Օրբանը Nemzeti Sport-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Հունգարիան պետք է խուսափի նախորդ խաղերում թույլ տված սխալներից և չկենտրոնանա մրցավարական որոշումների վրա։

«Ամեն ինչ կախված է մեզանից։ Պետք է հնարավորինս շատ միավոր վաստակենք և վերադառնանք մեր լավագույն ֆորմային»։

Ռոսին՝ բացակայությունների և մարտավարության մասին

Հունգարիայի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է թիմի կազմի խնդիրների և Հայաստանի ուժեղ կողմերի մասին։

«Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու։ Մենք գործնականում պարտավոր ենք հաղթել։ Հայերն ունեն չորս կամ հինգ բարձրորակ խաղացող, և մենք գիտենք, թե ինչպես կանգնեցնել նրանց»,- նշել է Ռոսին։

Ռոսին ընդգծել է, որ թիմը խաղադաշտ դուրս կգա առանց երկու հիմնական ֆուտբոլիստների՝ Ռոլանդ Շալայիի և Բարնաբաշ Վարգայի։ Միայն Դոմինիկ Սոբոսլայն է պատրաստ հանդիպմանը։

«Այո, երկու ֆուտբոլիստների բացակայությունն անպայման կզգացվի, բայց դա արդարացում չէ։ Պետք է պահպանենք համբերությունը, թելադրենք խաղի ռիթմը և չնյարդայնանանք, եթե գոլն անմիջապես չգա»։

Եղիշե Մելիքյան. «Մենք հավատում ենք միմյանց»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ընդգծել է, որ թիմը Բուդապեշտ է մեկնել ոչ թե պաշտպանվելու, այլ պայքարելու լավ արդյունքի համար։

«Ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի և դրա համար անել հնարավոր ամեն ինչ։ Հունգարիան ուժեղ մրցակից է, բայց մենք լավ թիմ ենք, հավատք և նվիրվածություն ունենք։ Ես հավատում եմ իմ թիմին, իմ թիմը՝ ինձ։ Վաղը կպայքարենք մինչև վերջ»,- ասել է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ոչ-ոքին կարելի է համարել լավ արդյունք՝ հաշվի առնելով մրցակցի մակարդակը և խաղադաշտի գործոնը։

Վահան Բիչախչյան. «Եթե խաղանք մեր ֆուտբոլը, խնդիրներ կստեղծենք»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նույնպես վստահ է թիմի ներուժին։

«Մեր խմբում բոլոր հավաքականներն էլ ուժեղ են, այդ թվում՝ Հունգարիան։ Սակայն մենք Բուդապեշտ ենք եկել մեր ֆուտբոլը խաղալու և անմնացորդ նվիրվելու համար։ Թիմում լավ մթնոլորտ է։ Եթե խաղանք մեր խաղը, խնդիրներ կստեղծենք մրցակցի համար»,- նշել է Բիչախչյանը։

Վճռական բախում՝ տարբեր նպատակներով

Հունգարիան պայքարում է աշխարհի առաջնության ուղեգրի համար և պարտավոր է հաղթել սեփական հարկի տակ։ Հայաստանը՝ նոր կազմով և նոր մարզչի ղեկավարությամբ, փորձում է ցույց տալ պայքարող և ինքնավստահ թիմի կերպար։

Բուդապեշտում սպասվում է լարված ու սկզբունքային հանդիպում, որտեղ յուրաքանչյուր դրվագ կարող է վճռել ոչ միայն խաղի, այլև խմբի ճակատագիրը։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս