Էդ մարդը զանգեց ինձ, ասաց՝ Մելիքյան ջան, կներես, ասել են՝ «Փյունիկին» դաշտ չտաք. Եղիշե Մելիքյան
«Մենք խաղում էինք Եվրոպայում ու շատ նեղված էինք, որովհետև 2-րդ կազմը չունեինք: Դիմեցինք ՀՖՖ-ին, որ հետաձգեն այն խաղերը, որոնց մենք ի վիճակի չէինք պատրաստվելու եվրոպական մրցաշարում հանդես գալու պատճառով: Մեզ մերժեցին մի քանի անգամ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այնուամենայնիվ, ինչից սկսվեց «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությունը:
Ըստ նրա, սակայն, համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ Կոնֆերենցիաների լիգայում շվեյցարական «Բազելի» հետ դիմակայությունից 3 օր առաջ ՀՖՖ-ն հրաժարվել է հետաձգել «Նոայի» հետ խաղը:
«Եթե մենք հաղթեինք «Բազելին», պատմություն կկերտեինք: ՀՖՖ-ն՝ որպես մեզ պատիժ առողջ քննադատության համար, ասաց՝ չենք հանելու այդ խաղը: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ավտոբուսով գնում ենք պարապմունքի, ու ինձ ասում են՝ դու գիտե՞ս՝ հիմա «Բազելն» Ավանի ակադեմիայում պարապմունք է անում: Ես զանգում եմ Ակադեմիա: Անուն չեմ տա, բայց կոնկրետ մարդու ասում եմ՝ ընկերս, «Բազելը» ձեզ մոտ պարապում է: Կլի՞նի՝ մեզ էլ տաք հնարավորություն, մենք էլ պատրաստվենք: Այդ մարդն ասում է՝ ես քեզ հասկացա, ինձ ժամանակ տուր: Ուղիղ 5 րոպեից զանգում է ու ասում՝ Մելիքյան ջան, կներես, բայց ինձ ասացին՝ չտաք»,- կոնֆլիկտի պատճառների մասին խոսեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:
Եղիշե Մելիքյանը, շարունակելով պատմությունը, ասաց, որ ինքն իր զրուցակցին զգուշացրել է՝ հանրությունն այս մասին անպայման իմանալու է:
«Ասացի՝ ես խոսք եմ տալիս, որ հանրությունն այս մասին կիմանա: Որ դուք ինչ քայլի եք գնում՝ պատժելու մեզ: Ասեմ, որ դա Մելիքբեկյանը չի արել, որովհետև նա այդ ժամանակ Ֆրանսիայում էր: Սակայն, երբ ես շատ էմոցիոնալ այդ զրույցից հետո անջատեցի հեռախոսը, ուղիղ մեկ ժամ հետո ինձ ասում են՝ տալիս ենք Ակադեմիայի դաշտը: Այսինքն՝ երբ նրան զանգում, ասում են՝ Մելիքյանն այս թեման դուրս է հանելու, նոր նա ասում է՝ տվեք, չարգելեք, չանեք նման բան: Եթե Մելիքբեկյանն իմանար, որ ես այդ պատմությունը դուրս չէի հանելու, նա չէր ասի դա: Հիմա իրենց կոպիտ սխալը զգալով՝ ուզում են թեման փակեն: Ասացի՝ ձե՞ռք եք առնում: Ես էլ չեմ գա, Ակադեմիայում պարապեմ: Ու գնացինք դաշտ ման եկանք, անորակ, պարապեցինք: Ինչևէ»,- ասաց Եղիշե Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: