
Թուրքիան ցանկանում է կործանիչներ գնել Կատարից

Բրիտանական «Middle East Eye» պարբերականի համաձայն՝ Թուրքիան բանակցում է Կատարի հետ «Tranche 3A Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կատարական աղբյուրները նշում են, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և օդուժի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն արդեն Դոհայում քննարկել են հնարավոր գործարքը։
Զուգահեռ նշվում է, որ գնման համար անհրաժեշտ է նաև Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի համաձայնությունը, որոնք էլ, աղբյուրի համաձայն, դրական դիրքորոշում ունեն այդ հարցում:
Հավելենք, որ հուլիսին Թուրքիան 40 նոր կործանիչ ձեռք բերելու համար Լոնդոնի հետ համաձայնագիր էր նախաստորագրել, սակայն հետո Անկարան գործարքի արժեքը թանկ էր համարել և այժմ կողմերը նոր քննարկումների փուլում են՝ փորձելով վերջնականացնել հնարավոր գործարքի դրույթները:
Սա էլ հենց պատճառ է հանդիսանում, որ Թուրքիան գնա ավելի արագ լուծման Կատարի հետ, քանի որ, ըստ որոշ գնահատականների՝ Լոնդոնի հետ համաձայնության հասնելը կարող է տևել մի քանի տարի: