Չհամագործակցելու ձև չի՛ լինելու. Ռոբերտ Քոչարյանը՝ «Մեր ձևովի» և այլ ուժերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Մեր ձևով» շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանի  հայտարարությանը, որ իրենք չեն համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ:

Նրա խոսքով, «Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չի եղել ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցելու մասին, իսկ ինքը դրա մասին է խոսում այսօր:

«Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի լինում այդպես, չի ստացվի։ Բայց դա արդեն մեր պրոբլեմը չի։ Գյումրիի օրինակը, երբ բոլոր ուժերը հայտարարեցին, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, լավ մոտեցում էր։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել, և արդեն ըստ ձայների համամասնության, ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանում, եթե այդ շարժումն ինչ-որ  ձայներ հավաքի խորհրդարանում, որը բավարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու։

Ասելու են՝ չէ, չենք ստեղծո՞ւմ։ Ուղղակի անհնար է սա։ Ստեղծվելու է մի վիճակ, երբ խորհրդարանում բոլոր ընդդիմադիր ուժերը և՛ ցանկություն են ունենալու համագործակցել, և՛ այլընտրանք չեն ունենալու դրան։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա, եթե Գյումրիում  Մարտունն ու Վարդան Ղուկասյանը գնացել են համագործակցության, ո՞նց  դա կատարվեց։ Այս ընդդիմադիր դաշտում այս կարգի բացասական  վերաբերմունք իրար նկատմամբ    ոչ մեկը   չուներ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ պրոցեսի մեջ ենք լինելու»,- մանրամասնեց Քոչարյանը:

Կարդացեք նաև

ՀՀ երկրորդ նախագահն այս թեմայից անցում կատարեց իր պաշտոնավարման օրոք ռազմական բալանս լինել-չլինելու խնդրին՝ ասելով, թե այդ ժամանակ ռազմական բալանսի խախտում է եղել:

«Ես չգիտեմ՝ ի՞նչ տվյալների հիման վրա որևէ մեկը կարող է ասել, որ ռազմական բալանսը խախտվել է իմ ժամանակ։  Որտեղի՞ց են էդ տվյալները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հի՞մք է ձեզ համար։ Բացարձակապես սուտ է։ Մենք ոչ միայն ունեինք ռազմական բալանս, մենք ունեինք զգալի առավելություն մարտունակության տեսանկյունից նաև, որովհետև միայն զենքերի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է բարձունքների վրա։ Այդ ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ, դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար։

Եթե նայեք, թե մենք Ադրբեջանի նկատմամբ մեզ ինչպես էինք պահում, դուք կտեսնեք, որ ես երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ հայտարարություն, որը կարող է Ադրբեջանի ժողովրդին ինչ–որ ձևով վիրավորել։ Երբեք չենք նույնացրել Ադրբեջանը Թուրքիայի հետ, միշտ փորձել ենք առանձին պահել։ Չենք վիրավորել անձնապես Ադրբեջանի ղեկավարությանը։

Շուշիում ինագուրացիա չենք արել։ Կարող ա՞ խելքներս չի կտրել։ Չենք արել, որովհետև հասկանում էինք՝ ամբողջ Ղարաբաղն իրենց այդքան չի հետաքրքրում, ինչքան Շուշին։ Շուշին ոչ միայն մեզ համար է մշակութային կարևոր ժառանգություն, այլև իրենց համար, միգուցե ավելի շատ։ Հասկանում էինք, որ դա զգայուն հարց է և  դրան պետք չի կպնել։

Իսկ այդ ամենն արվեց Ադրբեջանի դեմ 2018–ից հետո՝ ամբողջական փաթեթով: Էլ թուրք–ադրբեջանական տանդեմ,  էլ ընտանեկան դիկտատուրա, ժողովրդավարություն: Մենք չէինք տեսնո՞ւմ, որ այնտեղ ընտանեկան դիկտատուրա է կառուցվում, բայց մեր ի՞նչ գործն է, մեր դարդն ա՞ Ադրբեջանում ժողովրդավարությունը, թե՞ մեր դարդը Ղարաբաղը պահելն էր։ Դասագրքային ինչ կարելի էր անել իրավիճակը բարդացնելու համար՝ արվեց։ Վերջում էլ ինագուրացիա Շուշիում՝ տրնգի էին պարում»,- նշեց Ռ. Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս