
Ջանքեր չի գործադրում մահվան դեպքերը բացահայտելու համար, գործադրեն՝ իրենց վրա դուրս կգան․ Ռոբերտ Քոչարյան
«ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները՝ կապված մարտի 1-ի հետ, ինձ համար առոչինչ 2018 թվականից հետո»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ է դարձել իշխանության համար հարմար ընդդիմություն»։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ սպասվող ընտրություններին ընդառաջ ստեղծված իրավիճակը տարբեր է 2021 թվականի ընտրություններից։
Նրա որակմամբ, բոլոր այն կարգախոսները, որով Փաշինյանը եկել է իշխանության և պահել այն, սնանկ են, ինքը պետք է գա և մեկ կարգախոս ասի, վերջերս ասաց՝ ամենից կարևոր հարցը լուծել է՝ խաղաղություն է բերել։
«Ինքը բերել է պատերազմ, իր բերած պատերազմից պարտությունը և խաղաղությունը հոմանիշ է սարքել, եթե դա նորմալ եք համարում, լավ, կարող է բնակչության մի մասը նորմալ համարի, ես համոզված եմ, որ բնակչության շատ ավելի մեծ մասը համաձայն չէ պարտությունը հոմանիշ դարձնել խաղաղության հետ։ Գնում են, ինչ-որ հանդիպումներ են ունենում «պարտությունը նորաձև է» կարգախոսի ներքո, այսպիսի մեմեր կա սոցիալական ցանցերում»,- ասաց Երկրորդ նախագահը։
Անդրադառնալով մարտի 1-ի մասով ՄԻԵԴ որոշմանը, նա նշեց, որ 110 էջանոց փաստաթղթի մեջ «սպանություն» բառ չկա, կա «մահվան դեպքեր»։
Իր խոսքն ուղղելով հարց տված լրագրողին՝ Քոչարյանն ասաց․
«Եթե թեմայից եք հարցնում, կարծում եմ՝ արժեր գոնե կարդալ որոշումը։ Հաջորդը՝ բովանդակային՝ Եվրադատարանի որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011 թվականին, ես արդեն երեք տարի նախագահ չէի, 2011 թվականից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։
Ավելին՝ այստեղ ես մի բան էլ ավելացնեմ՝ ՄԻԵԴ-ի բոլոր որոշումները՝ կապված մարտի 1-ի հետ, ինձ համար առոչինչ են մեկ պատճառով՝ 2018 թվականից հետո, որովհետև պետությունն այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել, և ՄԻԵԴ-ը 6-7 անգամ կրկնում է, որ չեն տրամադրել այս փաստաթղթերը, չեն տրամադրել սա, չեն տրամադրել նա, մոտ 6-7 անգամ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։