Երկու օրով եղել եմ Մոսկվայում՝ անձնական հարցերով. Ռոբերտ Քոչարյան
«Ոչ թե պետք է մերժել ԱՄՆ-ին, այլ պետք է ընդլայնել «Թրամփի ուղի» պրոյեկտը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահը, պատասխանելով 168.am-ի hարցերին։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, օգոստոսի 8-ի փաստաթուղթը և ի՞նչ կաներ դրա հետ՝ որպես իշխանություն, Քոչարյանը պատասխանեց, որ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, ապա այն կարելի է նույնիսկ երազանքի փաստաթուղթ անվանել։ Նա հիշեցրեց՝ այդ փաստաթուղթը ենթադրում էր նաև Արցախի գոյությունը։
«Հիմա օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ կապված՝ ընդհանրապես ԱՄՆ-ը այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, ապա մի երկու կամ վեց ամիս հետո, չեղարկել ու ասել՝ չէ, չենք ընդունում։ Բավական դժվար է։ Դա չի նշանակում՝ ինչ ասի, պետք է անես։
ԱՄՆ-ը կտրուկ դեմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն եկել էին Հայաստան նշելու այն հանգամանքը, որ իրենք դեմ են, կառուցել ենք և պահպանել ենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները՝ նույնիսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանը ներառված էր։
Ավելի ճիշտ դիվանագիտական ձևը ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել պրոյեկտը մեծացնել, ցույց տալ ԱՄՆ հետաքրքրությունն ավելի մեծ պրոյեկտի մեջ, այնպիսի պրոյեկտի մեջ, որի մեջ ներառված են նաև մեր շահերը և որտեղ նվազում են ռիսկերը ԱՄՆ-ի հետ կապված։ Կարող է, իսկապես, ստեղծվել մի վիճակ, երբ Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից, և ԱՄՆ-ն որևէ լծակ չունի պարտադրելու, որովհետև պայմանագրերում դա ֆիքսված չէ։
Գիտե՞ք՝ ինչ է ասելու Թրամփը այդ դեպքում, նա ասելու է, որ հիասթափված է Ալիևից։ Սրանով վերջանալու է, որովհետև այլ մեխանիզմներ այդ փաստաթղթի մեջ չկա»,- նշեց Քոչարյանը՝ շարունակելով, որ պետք է ոչ թե մերժել, այլ մեծացնել պրոյեկտը, ցույց տալ իրենց հետաքրքրությունը, թողնել անունը, ասել, որ շնորհակալ ենք ԱՄՆ-ին այսպիսի հետաքրքրության համար, որ միջամտել են, բայց մենք ուզում ենք, որ հարցը լուծվի բոլոր կողմերի, ոչ թե մեկ կողմի համար։
Նրա վստահ է՝ դա կարելի է անել։
Հարցին, թե հնարավո՞ր է խաղաղության օրակարգի «մենաշնորհն» իշխանությունից վերցնել, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց, որ պարադոքսալ է, որ պատերազմ բերած մարդը խոսում է խաղաղության մասին։
«Ես մեկ հարցազրույցի ժամանակ ասել եմ, 2018 թվականին ինքը խաղաղությունից չէր խոսում, այն ժամանակ խաղաղություն էր, չկար խաղաղության օրակարգ, խաղաղությունից չէր խոսում, երբ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգ։ Ինքը բերել է պատերազմ, ինքն իր գործողություններով, 5000 զոհերով, 11.000 վիրավորով ծնել է խաղաղության օրակարգ, և աբսուրդը նրա մեջ է, որ ինքը փորձում է այդ օրակարգի հեղինակը լինել և մենաշնորհ ունենալ այդ օրակարգի վրա։ Պետք է մենք ցույց տանք, որ սա բացարձակ սուտ է»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ վերջերս այցելել է Մոսկվա և հանդիպել Սերգեյ Կիրիենկոյին, եթե այո, ի՞նչ հարցեր են քննարկվել, Քոչարյանը պատասխանեց, որ մեկ ամիս առաջ եղել է Մոսկվայում։
«Եղել եմ երկու օր՝ շաբաթ-կիրակի, մասնավոր, անձնական հարցերով, և վերադարձել եմ երկուշաբթի օրը կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի կամ եթե դիմեի, կընտրեի այլ օրեր շաբաթվա ընթացքում, բայց ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվում եմ Մոսկվայում, անպայման նման կարգի լուրեր տարածվելու են»,- նկատեց Քոչարյանը:

