
Երևան-Սևան ավտոճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին․ կա տուժած

Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:
Վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն․ տուժածը հոսպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։