
#ՈՒՂԻՂ․ ԿՐԿԵՍՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆԵՐԴՐԵԼ Է 55 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ. TASHIR ARENA-Ի ԲԱՑՄԱՆ ԱՍՈՒԼԻՍԸ
Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային Tashir Arena կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Հոկտեմբերի 25-ին Tashir Arena-ն իր դռները կբացի առաջին հանդիսատեսի առջեւ՝ ETERNIA թատերա-կրկեսային շքեղ շոուի պրեմիերայով։ Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետներից կազմված միջազգային թիմը։
Նախագծի մեկնարկի մասին պատմեց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը մամուլի ասուլիսին լրագրողների համար պատրաստված իր ուղերձում։
Նախագիծը, որը ներառում է բարձր տեխնոլոգիական Tashir Arena հարթակի կառուցումից մինչև ETERNIA շոուի մշակման ու գործարկման ամբողջական ցիկլը, իրականացվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Meduse պրոդյուսերական խմբի մասնակցությամբ։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 55 միլիոն ԱՄՆ դոլար, որը Tashir Arena-ն դարձնում է տարածաշրջանի ամենախոշոր մշակութային և ժամանցային օբյեկտներից մեկը։
Tashir Arena-ն ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր է, որը կառուցվել է Երևանի հին կրկեսի տարածքում՝ միավորելով առաջատար ճարտարագիտական և տեխնիկական լուծումներ։ Այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից լիարժեք նոր տարածք է ստեղծվել։ Tashir Arena-ն հնարավորություն կունենա հյուրընկալելու ամենատարբեր ձևաչափերի ներկայացումներ՝ կրկեսային, համերգային, թատերական, ինչպես նաև սպորտային և գործարար միջոցառումներ կազմակերպել։
Շենքի ընդհանուր մակերեսը ավելացել է՝ 6000-ից կազմելով 21 000 քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը հինգից դարձել է ինը, ինչը զգալիորեն ընդլայնել է համալիրի օգտագործման տարածքը և ֆունկցիոնալ հնարավորությունները։ Tashir Arena-ի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ-մանեժը, որը հնարավորություն է տալիս բեմական ճկուն լուծումներ իրականացնել։
Հատուկ ուշադրություն է դարձվել գմբեթի ճարտարապետությանը, որի բարձրության ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել ցանկացած բարդության ներկայացում կազմակերպել։ Ընդլայնվել է նաև հանդիսատեսի հատվածը. այժմ համալիրը կարող է ընդունել մինչև 2000 հանդիսատեսի՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց։ Սա բարձր հարմարավետություն և մատչելիություն է ապահովում բոլոր այցելուների համար։