
ՊՆ-ի մոտ Շտապօգնության մեքենա է ժամանել․ Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունն է վատացել
ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լարված իրավիճակ է։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են նախարարության վարչական համալիրի դարպասների մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։
Մի քանի ծնող ներսում է։ Բայց քանի որ ծնողները հրաժարվում են հեռանալ դարպասների մոտից, մեծ թվով ռազմական ոստիկաններ ու ոստիկաններ են բերվել նախարարության մոտ, որոնք շրջապատել են ծնողներին։
Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները և հրաժարվում են բացել։
Նշենք, որ անհետ կորածների ծնողները սեպտեմբերի 27-ին կրկին հավաքվել էին պաշտպանության նախարարության հետ՝ հանդիպում պահանջելով պատասխանատու անձանց հետ։ Խոստացան՝ ծնողներին կընդունեն սեպտեմբերի 29-ին, սակայն ժամի հարցում հստակեցում չեղավ։ Ուստի ծնողները որոշել են կեսօրից հավաքվել ՊՆ-ի մոտ։ Նրանք շեշտեցին՝ եթե իրենց չընդունեն, հարցերի պատասխանները չլինեն, իրենց պատրաստ են քաղաքը կոլապսի ենթարկել։
Անհետ կորածների ծնողները վրդովված են, քանի որ պատասխան են ստացել, թե իրենց կարող է ընդունել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, որի հետ իրենք հանդիպելու ցանկություն չունեն։ Ընդ որում` Արման Սարգսյանը համաձայնել է ընդունել միայն 3 ծնողի, մինչդեռ խոստացվել էր 30 ծնողի հետ հանդիպել։
Հանկարծակի վատացավ Արսեն Ղուկասյանի առողջական վիճակը, որի եղբայրը` Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ Սարգիս Ղուկասյանը` անհետ կորած է։ Նրա համար շտապօգնություն է կանչվում։