
Տեր Հայր ջան, ինչու՞ այս ձևաչափը դարձավ միակ տեղը մեր ընտանիքի հարցերը բարձրաձայնելու համար. Միթե՞ բոլոր այլ ձևերը սպառված ես համարում. Սամվել դպիր Գրիգորյանը` Տեր Թադեին

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բաց նամակ Տեր Թադե քահանային:
Օրհնեա Տեր Հայր ջան: Վարագա Սուրբ Խաչի տոնը շնորհավոր լինի:
Հուսով եմ, որ այսօրվա գրառումդ ու հինգ տարի առաջ նույն տոնի օրը 44-օրյա պատերազմի սկիզբը զուտ պատահական համընկնումներ են:
Սկզբում ուզում էի մեկնաբանություն գրել էջումդ այսօր հրապարակածիդ տակ: Բայց, երբ տեսա, թե մեկնաբանություններում ինչ է կատարվում` մի մասը մոլորված (խաչ ու սրտիկ դնողներ), մյուսը` չարացած, երրորդը` ատելությամբ լցված, չորրորդը` ուրախությունից ցնծացող (քեզ փառաբանողներ, արջի ծառայություն մատուցողներ և այլն), որոշեցի իմ էջով քեզ դիմել: Սա չէ՞ արդյոք չարի ուզածը` բաժանիր, որ տիրես:
Հիմա, ըստ էության: Հիշում եմ տարիներ առաջ Գառնահովիտի Ս.Գևորգ եկեղեցում երեք հոգով ուխտի էինք եկել դեկտեմբերին և դու ցրտին Պատարագ մատուցեցիր: Հետո չեմ մոռանում, որ դեպի Երևան ճանապարհը ցույց տալիս ձեր տան բակում հայտնվեցինք ու մինչև տաք թեյ չհյուրասիրեց երեցկինը, մեզ բաց չթողեցիր: Փոխադարձ եղբայրասիրություն տեսանք քեզանից: Անսպասելի էր կարդալ գրառումդ: Տեր Հայր ջան, ինչու՞ այս ձևաչափը դարձավ միակ տեղը մեր ընտանիքի հարցերը բարձրաձայնելու համար: Միթե՞ բոլոր այլ ձևերը սպառված ես համարում: Եթե գրածդ հայհոյանքները ճիշտ են, ցավում եմ: Ունեմ այս պահին երկու հարց.
1) Իսկ դու հայհոյողին հանդիմանե՞լ ես: Ե՞վ… Եթե ոչ, ապա ինչքան է տեղին լռելուց հետո հանրային արձագանքդ:
2) Տեր Արամի ինչի՞ն ես միանում: Ամեն ասածի՞ն ու արածի՞ն:
Խնդրում եմ կոնկրետացիր: Միգուցե դու փորձե՞ս իրեն ուղղված 33 հարցերին պատասխանել, որոնք ինքը անպատասխան թողեց: Այնտեղ ոչ մի հայհոյանք չկա:
Եթե մտահոգություններդ իրական են, պատրաստ եմ քեզ հետ հանդիպել ու բոլոր բարձրաձայնածդ հարցերը անձամբ փոխանցել թեմի առաջնորդին կամ Մայր Աթոռ: Տես էջումդ ինչ է կատարվում, պատկերացրու սա ինչ պառակտում, փորձանք, արհավիրք է բերելու մեր ազգի վրա: Արի փակենք մեզ անհարիր այս էջը, լսենք միմյանց, փորձենք բոլոր խնդիրները սիրով լուծել մեր` Մայր Եկեղեցու կամարներից ներս: Արի անսանք Պողոս առաքյալի խոսքին. «Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ» (Բ Կորնթ. 6:15-16):
Սպասում եմ պատասխանիդ և հույս ունեմ, որ կարձագանքես»: