
ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթյան երկրներում «զգոնության ուժեղացման» մասին

ՆԱՏՕ-ն «ուժեղացրել է զգոնությունը» Բալթյան երկրներում՝ Դանիայի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Կոպենհագենի հայտարարությունից հետո, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչ Մարտին Օ’Դոնելին։
Ըստ Օ’Դոնելի, ուժեղացված միջոցառումները ներառում են մի քանի հետախուզական, դիտարկման և տեղազննման հարթակներ, ինչպես նաև առնվազն մեկ հակաօդային պաշտպանության ֆրեգատ՝ Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը «մշտական կապի մեջ է Դանիայի ղեկավարների հետ»՝ անօդաչու սարքերի միջադեպերի կապակցությամբ, որոնք վերջինն են դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների շարքում։
Դանիայում և Նորվեգիայում անօդաչու սարքերի դիտարկումները, որոնք սկսվել են երկուշաբթի, հանգեցրել են մի քանի օդանավակայանների փակման։ Դանիան ակնարկում է Ռուսաստանի հնարավոր ներգրավվածությունը։
ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ պնդում են, որ վերջին շաբաթներին ռուսաստանյան կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը խախտել են իրենց օդային տարածքը Եվրոպայում՝ մեղադրելով Մոսկվային դաշինքը փորձարկելու մեջ։
Ռուսաստանը հերքում է անօդաչու սարքերի ներխուժմանն իր մասնակցությունը և խոստանում է պատասխան տալ՝ իր օդային տարածքի խախտման դեպքում։