ԱԽՔ-ը բոլոր գործերն արել է` անցել է արվեստին. էմոցիաներ է բացահայտում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկար ժամանակ արվեստի տեսության մասին գիրք էի փնտրում, որը կօգներ տեսականորեն մտածել արվեստի մասին: Վերջապես գտել եմ Քոլլինգվուդի «Արվեստի հիմունքները» աշխատությունը: Ի դեպ, գիրքը թարգմանված է հայերեն:

Քոլլինգվուդն օգնեց հասկանալ, որ մարդկությունն ընդլայնել է «արվեստ» բառի իմաստն այնքան, որ գրեթե ամեն ինչ ներառվում է դրա մեջ: Խնդիրը լուծելու համար նա երկար փորձում է բացատրել, թե ինչն արվեստ չէ, և միայն վերջում է հասնում «բուն» արվեստի բացատրությանը:

Կարճ ասած, ըստ Քոլլինգվուդի, եթե միջոցը, նպատակը և վերջնարդյունքը հայտնի են, ապա դա արվեստ չէ, այլ` արհեստ: Արվեստի դեպքում միջոցը կարող է հայտնի լինել, և եթե նույնիսկ նպատակն է հայտնի, ապա վերջնարդյունքը հստակ չի կարող լինել, որովհետև որևէ գործի արվեստ դառնալու համար անհրաժեշտ է, որ վերջնարդյունքում էմոցիայի ինքնաբացահայտում լինի: Այսինքն արվեստագետները որևէ էմոցիա են արտահայտում այդ էմոցիան իրենց համար հասկանալու նպատակով և հրավիրում իրենց լսարանին բացահայտելու այդ էմոցիան իրենց գործի հետ առնչվելով։

Այսպիսով, Քոլլինգվուդի համար արվեստի գործը ավարտուն չէ, քանի դեռ լսարանը չի մասնակցել էմոցիայի ինքնաբացահայտմանը։ Կարևոր է նաև, որ արվեստագետը կարողանա հանրության հետ կոմունիկացնի իր գործը և օգնի ստեղծել այդ էմոցիան: Հստակ է մի բան. առանց հանրության մասնակցության արվեստ գոյություն ունենալ չի կարող:

Քոլլինգվուդի համար արվեստն արտահայտչամիջոց է՝ ինչպես լեզուն:

Հեղինակը բազմաթիվ թեմաների է անդրադառնում, որպեսզի բացատրի արվեստը, ինչն էլ գիրքը դարձնում է ավելի հետաքրքիր»:

Տեսանյութեր

Լրահոս