
Իրանը ՌԴ-ին հող է տվել «Հյուսիս-հարավ»-ի Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար. նախարար

Իրանը ռուսական կողմին է փոխանցել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏԿ) Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար հատկացված շուրջ 34 կմ հողատարածքը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեհը:
«Մոտ 34 կիլոմետրը փոխանցվել է ռուսական ընկերությանը, որպեսզի այն կարողանա սկսել աշխատանքները»,– ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ռեշտ-Աստարա երկաթուղու 162 կիլոմետրանոց հատվածի կառուցման համար իրականացվել է հողերի մոտ կեսի հետգնումը:
Ընդ որում, իրանական կողմը, ինչպես նշել է Սադեhը, ջանքեր է գործադրում, որպեսզի ավարտին հասցնի բոլոր հողերի հետգնումը մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (մինչև 2026-ի մարտի երրորդ տասնօրյակը):
Սեպտեմբերի սկզբին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատանքները «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու վերջին հատվածի կառուցման նախագծի շուրջ: Նա հնարավոր է համարել, որ տեղամասի շինարարության ակտիվ փուլի մեկնարկ կարելի է սպասել մինչև ընթացիկ տարվա վերջ։
Ռուսաստանն ու Իրանը 2023-ի մայիսին փաստաթղթեր են ստորագրել Իրանի միջանցքի արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարայի վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի մասին։ Ընդհանուր արժեքը՝ 1,6 մլրդ եվրո․ 1,3 մլրդ եվրոն ՌԴ-ի վարկն է, մնացածը՝ իրանական կողմի միջոցները: