Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մարդիկ Հայաստանում շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Զուգահեռ նա ասում էր, որ «եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով»:

Տարբեր մասնագետներ ոչ մեկ անգամ փաստերով ապացուցել են, որ այս բոլոր պնդումները, մեղմ ասած, մանիպուլ յացիաներ են: Օրերս այդ մասին հայտարարեց նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ նշելով, որ Հայաստանում հնարավոր է նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից դարձնել 54 հազար դրամ, այսինքն՝ բարձրացնել 50 տոկոսով: Ըստ «ՀայաՔվեի» ներկայացուցիչների, դա հնարավոր է անել պետական կառույցներին պետբյուջեից հատկացվող գումարների, ինչպես և վարչապետի պահուստային ֆոնդի կրճատումների հաշվին:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ անցած 7 տարում կենսաթոշակների աճը կազմել է 22 տոկոս, այնինչ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը եղել է 26 տոկոս: Ընդ որում, խոսքը սպառողական գնաճի մասին է, որի մեջ ներառված չեն օրեցօր բարձրացող տարբեր հարկերն ու տուրքերը (օրինակ՝ գույքահարկը), որոնց հետևանքները հատկապես սուր են զգում կենսաթոշակառուները:

Ի դեպ, նշվում է, որ տարածաշրջանի երկրներից ամենացածր կենսաթոշակը Հայաստանում է՝ մոտ 93 դոլար, այնինչ Վրաստանում 148 դոլար է, Ադրբեջանում՝ 188 դոլար, իսկ Թուրքիայում՝ 505 դոլար:

«ՀայաՔվեն» սկսելու է ստորագրահավաք և հանրագրով դիմելու է իշխանություններին՝ կենսաթոշակը բարձրացնել 50 տոկոսով: Ի դեպ, ուշագրավ է, որ «ՀայաՔվեի» այս հայտարարությունից հետո իշխանությունները որևէ կերպ չեն հակադարձել, չեն փորձել հերքել, որ հնարավոր է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել»:

Տեսանյութեր

Լրահոս