
Վրաստանում Գերմանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել

Վրաստանի արտգործնախարարը կանչել է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին՝ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիան խախտելու համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երբ Վրաստանում ծառայող դեսպանը կոպտորեն խախտում է Վիեննայի կոնվենցիայի սկզբունքները, նրան կանչում են։ Սա սովորական դիվանագիտական միջոցառում է», – նշել է Կոբախիձեն։ Նա նաև ընդգծել է, որ Ֆիշերի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին, որից հետո դիվանագետը կհեռանա երկրից։
Ավելի վաղ, TV Pirveli-ն հայտնել էր, որ վրացական իշխանությունների բացահայտ քննադատ Ֆիշերը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետն ինքը վրացական իշխանությունների մեղադրանքները անվանել է անարդար և սադրիչ։
Ֆիշերը բազմիցս քննադատել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործողությունները՝ դրանք անվանելով հակաեվրոպական։ Վրաստանի իշխանությունները, իրենց հերթին, մեղադրում են Ֆիշերին և այլ եվրոպացի դեսպաններին ցուցարարներին աջակցելու և արմատականությունը խրախուսելու մեջ։