
Կանադայի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի ռազմական վերազինման ծրագրերը

Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Մակգինտին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ հանդիպմանը վերահաստատել է Օտտավայի ծրագրերը՝ վերազինելու և վերակառուցելու երկրի զինված ուժերը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ քննարկվել է նաև Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) արդիականացման հարցը։
«Նախարար Մակգինտին վերահաստատել է Կանադայի՝ զինված ուժերը վերակառուցելու, վերազինելու և ներդրումներ կատարելու ծրագրերը, ինչպես նաև իր հանձնառությունը՝ ավելացնելու և արագացնելու ազգային պաշտպանությունը ամրապնդելու համար ներդրումները», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ բանակցությունները վերահաստատել են Կանադայի և Միացյալ Նահանգների համատեղ առաքելությունը՝ միասնաբար պաշտպանելու Հյուսիսային Ամերիկան։