
Հնդկաստանում հողից դուրս բերված նորածինը պայքարում է կյանքի համար

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում կենդանի թաղված 20 օրական աղջիկը պայքարում է կյանքի համար․ գրում է BBC-ն։
Նորածնին պատահաբար են գտել, երբ մի հովիվ, որն իր այծերին տարել էր այդ տարածք արածեցնելու, հողաբլրի տակից թույլ ճիչեր է լսել։ Մոտենալով՝ նա ցեխի միջից դուրս ցցված մի փոքրիկ ձեռք է տեսել։ Այնուհետև ժամանել է ոստիկանությունը և հողի տակից հանել երեխային։
Ոստիկանությունը չի հայտնել, թե ով է կասկածյալը, սակայն նշվում է, որ աղջիկ երեխաներից հրաժարվելու և սպանելու փորձերի նմանատիպ դեպքերը բացատրվում են Հնդկաստանում տղաներին տրվող նախապատվությամբ։
Երեխան այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ տեղի պետական բժշկական քոլեջի և հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկական քոլեջի տնօրենը ասել է, որ նորածինը բերվել է երկուշաբթի՝ ցեխի մեջ պատված և շնչահեղձ լինելով․ ցեխը լցվել էր նրա բերանն ու քթանցքերը: «Նա ծանր վիճակում էր, ցուցաբերում էր թթվածնային անբավարարության նշաններ։ Նրան կծել էին միջատները, ինչպես նաև այլ կենդանի։ Քսանչորս ժամ անց մենք նրա վիճակի աննշան բարելավում նկատեցինք, սակայն դրանից հետո վիճակը վատթարացել է։ Նա վարակ է ձեռք բերել», – ասել է բժիշկը։
Բժշկի գնահատմամբ՝ երեխան գտնվել է հողի մեջ թաղվելուց անմիջապես հետո, քանի որ նրա «վերքերը թարմ էին»։ Նշվում է, որ բժիշկների թիմը, այդ թվում՝ պլաստիկ վիրաբույժ, վերահսկում են նորածնի վիճակը: Ոստիկանության պաշտոնյան ասել է, որ երեխայի ծնողներին գտնելու իրենց փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել: