
Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

Մոսկվայի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Բախտիյար Հասանովին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից, հայտնել են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հասանովը ՌԴ քաղաքացիություն է ստացել 2000-ականներին: Նա կազմակերպության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականից։
Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին ՌԴ-ում տեղի են ունեցել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալություններ և արտաքսումներ: Մասնավորապես, հուլիսին Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին արտաքսել էին Ռուսաստանից, իսկ օգոստոսի սկզբին ձերբակալվել էր Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը։