Սա չեն մարսելու ո՛չ դիմակավորված վեցնոցները, ո՛չ նրանց քսի տվող թերմացքները, ո՛չ էլ նրանց քաղաքական կամ այլ հովանավորները. Հակոբ Կարապետյան

Լրագրող, Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.

«Հրավիրում եմ լրագրողների և լրատվամիջոցերի ուշադրությունը, խնդրում եմ կարդալ մինչև վերջ ու տարածել։

Հավանաբար կհիշեք՝ վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ» (գրառման հղումը՝ https://shorturl.at/T89VJ)։

Նուն օրը երեկոյան ուշ ժամի ինձ գրում է ոմն Ավետիք Բաբայան և կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել» գրածիս համար։ Ես, իհարկե, նրան հասկանալի և հասանելի լեզվով փորձում եմ բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել, ինչից հետո սա ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով սկսում է սպառնալ ինձ ու էլ ավելի կեղտոտ հայհոյանքներ տեղալ՝ հիշատակելով ընտանիքիս անդամներին, ընկերներիս, մասնագիտությունս, ներկա ու նախկին գործընկերներիս, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Չեմ հասցնում պատասխանել, տեսնում եմ՝ անմիջապես բլոկել է ինձ։

Փորձում եմ էս քաջի մասին համացանցում տեղեկություն գտնեմ, ու պարզվում է, որ սա ոչ ավել, ոչ պակաս, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է (!!!)։ Մի քանի անգամ ստուգում եմ՝ անուն-հայրանունով, ծննդյան թվով․ ամեն ինչ «բռնում է»․ խուժանի վարքով էս երիտասարդը մայրաքաղաքի հասարակական կարգի պահպանության գլխավոր պատասխանատուն է, փաստացի՝ միլիոնանոց քաղաքի ոստիկանապետը։ Նույն երեկոյան զանգում եմ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը։ Պատմում եմ կատարվածի մասին ու հույս եմ հայտնում, որ համապատասխան ընթացք կտան նրա վարքագծի վերաբերյալ։

Երկու օր անց, քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով, ինքս եմ փնտրում, բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ («տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն)։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված։

Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում։

Առանց հետագա մանրամասներով ծանրաբեռնելու, տեղեկացնեմ, որ համոզված եմ, որ իմ դեմ հարձակումը և վերևում նկարագրած դեպքերը ուղիղ կապ ունեն։ Բնականաբար, նույն երեկոյան դիմել եմ իրավապահներին ու հուսով եմ՝ կուսումնասիրեն եղած ապացույցները, ինձ հասցեագրված սպառնալիքները, (որոնք փաստագրված են), հարձակման օրը տարածքում եղած տեսախցիկների ձայնագրությունները:

Այս ամենն, անշուշտ, տեղի է ունեցել իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ, որովհետև․

1. Ողջամտությունը հուշում է, որ Ավետիք Բաբայանի նման մարդուն հանրային ծառայությունից, առավելևս, հասարակական կարգի պահպանությունից պետք է կիլոմետրով հեռու պահել։ Մինչդեռ, Տիգրան Ավինյանը ոչ միայն նրան կարևորագույն պաշտոն է վստահել, այլև որևէ քայլ չի ձեռնարկել՝ իմ փոխանցած տեղեկությունների հիման վրա չեզոքացնելու իր նշանակած թյուրիմացությանը։ Երկուսից մեկն է՝ կա՛մ Ավինյանը համերաշխ է նրա հետ ու պաշտպանում է իր երբեմնի թաղեցուն, կա՛մ տեղյակ չէ այս դեպքի մասին։ Ցանկացած պարագայում սա մի բան է վկայում՝ քաղաքապետարանում շունը տիրոջը չի ճանաչում։

2. Հանրային քննադատության համար չի՛ կարելի կատաղած շան նման հարձակվել մարդկանց վրա։ Գործընկերներիս ու ընկերներիս հետ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հանրային հնչեղություն ենք տալու այս գործին։ Սա կենցաղային դեպք չէ, սա իմ հանրային գործունեության պատճառով իրականացվող հետապնդում է ու ահաբեկման ակտ։ Սա չեն մարսելու ո՛չ դիմակավորված վեցնոցները, ո՛չ նրանց քսի տվող թերմացքները, ո՛չ էլ նրանց քաղաքական կամ այլ հովանավորները»։

Տեսանյութեր

Լրահոս