 
                        Ստեփանակերտում հայ տղամարդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. նա ձերբակալվել է
 
                                    Այսօր օկուպացված Ստեփանակերտում հայազգի բնակիչ է ձերբակալվել։ Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ, Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանն (ծնված 1967 թվականին) իբրև թե իր տնից գնացել է քաղաքին մոտ գտնվող անտառային տարածք, այնտեղից վերցրել նախկինում թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը՝ չորս լիքը փամփուշտատուփերով, ինչպես նաև հինգ նռնակ, և փորձել մոտենալ Ստեփանակերտ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ ձերբակալության ժամանակ Կ. Ավանեսյանն իբրև թե զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։ Հաղորդվում է նաև, որ հակադարձ կրակի հետևանքով Ավանեսյանը վիրավորվել է և կալանավորվել, ինչպես նաև գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։ Հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ, և իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        