Վայոց Ձորի մարզում մենինգոկոկային վարակի դեպք է արձանագրվել. հիվանդը մահացել է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ արձանագրվել է մենինգոկոկային վարակի դեպք։ Հիվանդի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»։ ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ հիվանդը հոսպիտալացվել է ծանր վիճակով, հաջորդ օրը մահացել է։

Կենտրոնում վստահեցնում են, որ համաճարակաբանական հետազոտությունն արդեն իրականացվել է, իսկ վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են։ Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով։

Կենտրոնի պարզաբանմամբ՝ այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Բնակչության 1-10%-ը կարող է լինել մանրէի կրող՝ առանց որևէ ախտանշանի, և փոխանցել վարակը մյուսներին։

Հիվանդության հիմնական ախտանշաններն են․ բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում, սրտխառնոց, փսխում, թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցումներ, մաշկի վրա կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)։

Մենինգոկոկային վարակից հնարավոր է պաշտպանվել պատվաստման միջոցով կամ կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիայով։

Կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել գանգատների դեպքում և անհապաղ դիմել բժշկական օգնության։

Տեսանյութեր

Լրահոս