ՀՀ իշխանությունների գործն է․ Լյայենը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի մասին

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, այնուամենայնիվ, հետաքննությունը Հայաստանի իշխանությունների, իսկ նման գործերը քննելը ներքին դատական համակարգի պարտականությունն է։ Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակի պաշտոնական նամակում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրության։

Հուլիսի 14-ին հայտնել էինք, որ Մարուքյանը նամակներ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով չդառնալ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ։ Մարուքյանն իր նամակում, մասնավորաբար, անդրադարձել էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։

«Հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմիններն այս հետաքննություններն իրականացնելիս կգործեն անկախությամբ, ազնվությամբ և հաշվետվողականությամբ, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները` ներառյալ պատշաճ դատավարության իրականացումը»,- նշված է Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Դերեն Դերյայի պատասխանում։

Եվրոպական կառույցից վստահեցրել են, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական բաղադրիչն է։

Տեսանյութեր

Լրահոս