Բաժիններ՝

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտության կոմիտեի բարձր տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար Հաո Յուեի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը, ոլորտային օրենսդրական բարեփոխումները և ստարտափ միջավայրի խթանման նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը հատուկ անդրադարձ է կատարել պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա իրականացվող «Ինժեներական քաղաք» ռազմավարական ծրագրին։ Նա առանձնացրել է նախարարության առաջնահերթություններն՝ ընդգծելով նորարարական լուծումների խրախուսումը, չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների (R&D) իրականացումը՝ որպես ոլորտի մրցունակության բարձրացման կարևոր գործոններ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Սիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները, մասնավորապես, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրերին, համատեղ հետազոտական նախագծերի իրականացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի փոխանակման հնարավորություններին։

Հանդիպման ավարտի երկուստեք նախանշվել են այն ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս