
Քիլիան Մըրֆին հրաժարվել է Վոլդեմորտի դերից

Օսկարակիր դերասան Քիլիան Մըրֆին («Օպենհայմեր», «Սուր հովարներ») հերքել է «Հարրի Փոթեր» նոր սերիալում իր մասնակցության մասին լուրերը։
Երկրպագուները տեսություն էին առաջ քաշում, որ Թոմաս Շելբիին փայլուն մարմնավորած Մըրֆին է խաղալու Հարրի Փոթերի մոգական աշխարհի մասին պատմող նոր շարքի գլխավոր չարագործի՝ լորդ Վոլդեմորտի դերը։ Իռլանդացի դերասանն ասել է, որ դրանք պարզապես շշուկներ են, գրում է THR-ը:
«Երեխաներս երբեմն ինձ ցույց են տալիս լուրերը, բայց ես այդ մասին ոչինչ չգիտեմ։ Բացի այդ, շատ դժվար է լինելու անել այն, ինչ արեց Ռայֆ Ֆայնսը։ Նա իսկական լեգենդ է։ Հաջողություն նրան, ով կզբաղեցնի նրա տեղը», – ասել է Մերֆին Happy Sad Confused փոդքասթում։
Ֆայնսն ինքն անցյալ տարի նշել է, որ Մըրֆին կլինի կատարյալ Վոլդեմորտ.
«Քիլիանը հիանալի դերասան է։ Սա հիանալի առաջարկ է։ Ես քվեարկում եմ նրա օգտին»։
Հաջորդ Վոլդեմորտի անունը դեռևս հայտնի չէ։ Հարրի Փոթերի առաջին եթերաշրջանը կթողարկվի 2027 թվականին և հիմնված կլինի «Փիլիսոփայական քարը» գրքի վրա։ Սերիալի դերասանական կազմում են Ջոն Լիթգոուն, Ջանեթ ՄաքԹիրը, Նիք Ֆրոստը, Պապա Էսիեդուն, Ուորվիք Դեյվիսը և ուրիշներ։
Մըրֆին շուտով էկրանին կհայտնվի Netflix-ի «Սթիվ» դրամայում (թողարկվել է հոկտեմբերի 3-ին)։