
«Նախագիծը դեռ ԱԺ մուտք չի արվել. Չի բացառվում, որ սա հեքիաթների ժանրից լինի». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանություններն անցնող տարիներին որևէ գործնական քայլ չեն արել՝ ՀՀ զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու համար։
«Խոսում են համալրվածության մասին, համալրվածություն մեկ՝ հազարավոր մեր քաղաքացիների հաշվին 25-օրյա վարժական հավաք են անում, որից 10 օրը վարժական հավաքն է, 15 օրը՝ մարտական առաջնագծում հերթապահություն իրականացնելը։ Թեև հասկանում ես, որ լավ օրից չէ, որ ՊՆ-ն դրան գնացել է։ Հիմա էլ խստացնում են վարժական հավաքները, պատժում են, և այլն։
Քննադատության ենք ենթարկել այս նախագծում նշումը, թե ատեստացիայի հիման վրա աշխատավարձերի բարձրացում է, իրականում բազմիցս խոսել ենք՝ ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հիմնախնդիրը, և դրա համար կարևորագույն հարց է ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղամ Մանուկյանը՝ խոսելով Պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծի մասին, որով առաջարկվում է բանակում ժամկետային ծառայությունը կրճատել 6 ամսով։
Նրա խոսքով՝ լավ է, որ Կառավարությունը նախատեսում է ժամկետային ծառայության համար սահմանել 1,5 տարի, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ այս ամենը շատ լավ մշակված նախընտրական քայլ է։
«Մոտ 10 ամիս առաջ էր, երբ Սուրեն Պապիկյանին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեցի, երբ տարիներ շարունակ խոսում էին Զինված ուժերում զինծառայության ժամկետի կրճատման մասին ու մինչև հիմա չեն իրականացրել, ասում էր՝ «դե գիտեք, անվտանգության խնդիրներ կան»։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի կեղծ թեզը՝ բա տեսեք, խաղաղություն-խաղաղություն, փորձում են սա նաև այս սոուսի մեջ տեղավորել»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին, թե այս ամենն ի՞նչ ռիսկեր կառաջացնի, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել ՊՆ-ին, ԳՇ-ին, որովհետև, ի վերջո, արմատական լուրջ փոփոխությունների դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ։
Նա նաև տեղեկացրեց՝ լավ է, որ ժամկետը կրճատում են, բայց կան բազմաթիվ խնդիրներ՝ չի կարող 2 տեսակի զինվոր լինել բանակում։
«Հաշվի առնելով, որ շատ նախագծեր Կառավարությունը ներկայացրել է որպես հեքիաթ, չի բացառվում, որ սա էլ լինի հեքիաթների ժանրից։ Նախագիծը դեռ ԱԺ մուտք չի եղել»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում