
Պորտուգալիայի դեմ խաղից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը. Մելիքյան

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն:
ArmSport.am-ը գրում է․
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփեց հանդիպումը՝ պատասխանելով լրագրողների հարցերին. «Եզրափակումը ֆուտբոլում միշտ ամենաբարդ հարցն է: Ամեն դեպքում գոհ եմ, երկու գոլը մեզ հաղթանակ պարգևեցին: Չեմ ցանկանում մտածել այն գոլերի մասին, որոնք չկարողացանք խփել: Չեմ ցանկանում որևէ մեկին առանձնացնել. կխոսեմ ընդհանուր պաշտպանության մասին: Պաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք կատարեցին:
5:0-ից հետո մեզ ծափահարեցին, և ես հասկացա այդ ամենի խորը իմաստը: Շատերը կարծում էին, որ ես տխուր չեմ, բայց ես պոզիտիվ էի, որովհետև ես եմ հավաքականի գլխավոր մարզիչը, և ինձ կոտրված չպետք է տեսնեն: Մի քանի օր չեմ քնել, որպեսզի կարողանայինք ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Մի նեղացրեք մեզ, հավատացեք մեզ. առանց այդ էլ մեզ համար դժվար է, քանի որ շատ խնդիրներ ունենք: Քննադատելը ամենահեշտ բանն է:
Չեմ ցանկանում հաղթանակի արժեքն արհեստականորեն մեծացնել, բայց սա շատ կարևոր քայլ է դեպի առաջ: Հետագայում ևս կունենանք բարդ խաղեր, բայց մենք կաշխատենք խաղ առ խաղ այդ խնդիրները լուծել:
Պորտուգալիայի դեմ խաղի համեմատ լիովին փոխել էինք մարտավարությունը: Ցանկանում էի սյուրպրիզ մատուցել, և այսօր դա արեցինք: Ես թույլ չեմ տա, որ ֆուտբոլիստների զգոնությունը թուլանա: Պետք է երկար ու շատ աշխատել, որպեսզի ստաբիլության հասնենք:
Ամեն մարզիչ ունի իր մոտեցումը և մեթոդիկան թիմի ավագի հարցում: Կարող եմ Բարսեղյանին ավագի թևկապը վստահելով ինչ-ինչ հարցեր լուծել: Եթե պետք լինի փոփոխություն, կզրուցեմ Տիգրանի հետ, և միասին կհասնենք ընդհանուր հայտարարի: Առայժմ նա է ավագը, և ես շատ գոհ եմ նրանից:
Շատ շնորհակալ եմ փոխարինման դուրս եկած խաղացողներին, որոնք մտան ու մինչև վերջ պայքարեցին: Հանդերձարանում ասացի՝ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք վերցնենք մեր վրա այդ պատասխանատվությունը և մեր ազգին պարգևենք այդ հաղթանակը»,- ասել է Մելիքյանը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի իր հաջորդ հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին և 14-ին՝ Հունգարիայի և Իռլանդիայի դեմ արտագնա խաղերում: