
Նեպալի վարչապետը հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի ֆոնին

Նեպալի վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլին հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի օգնականին։
Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։
India Today պարբերականի փոխանցմամբ՝ ցուցարարներն այրել են նախագահի և վարչապետի նստավայրերը, գրոհել Գերագույն դատարանի շենքի վրա։
Կատմանդուի օդանավակայանը փակվել է։
Իշխանությունները նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղաթիռներով տարհանել են դեպի օդանավակայան, որտեղ տեղակայվել են զինվորականներ։ Սակայն ցուցարարները հրավառությունների, անօդաչուների և լազերային լույսերի միջոցով փորձել են թույլ չտալ, որ պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռները երկինք բարձրանան։
Ըստ տարբեր հրապարակումների՝ Նեպալի բանակի գլխավոր հրամանատարն ավելի վաղ վարչապետին կոչ է արել հրաժարական տալ՝ նշելով, որ բանակը վերահսկողության տակ կվերցնի իրավիճակը։