Երբ դատախազությունը չգիտի այն, ինչը պարտավոր է իմանալ

Երբ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին կայացած դատական նիստում սկսեց հնչեցնել իր հարցեր, պարզվեց, որ դատախազությունը, որը պարտավոր է պաշտպանել օրենքը, պարզապես չի տիրապետում օրենքի բազում դրույթներին:

Դատախազությունը հայցը պատրաստելիս հաշվի չի առել իրավական ակտերի մի ամբողջ փաթեթ. Այն է՝

  • Գերագույն խորհրդի նախագահության որոշումներ և օրենքներ՝ պատգամավորների աշխատավարձի և փոխհատուցումների մասին։
  • Գերագույն խորհրդի նախագահության որոշումներ և օրենքներ՝ նախարարի աշխատավարձի և դասային աստիճանի հավելավճարների մասին։
  • 2005 թվականի Սահմանադրության դրույթներ՝ նախարարին պաշտոնից ազատելու կարգի վերաբերյալ։
  • Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրեր՝ թե՛ դասային աստիճանի շնորհման, թե՛ նախարարի պաշտոնից ազատման մասին։
  • Կառավարության և ֆինանսների նախարարության որոշումներ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի նորմաների մասին։
  • Կառավարության կազմի և կառուցվածքի մասին օրենքներ։
  • Նույնիսկ 1995 թվականի Սահմանադրության անցումային դրույթները, որոնք թույլ էին տալիս պատգամավորին մինչև 2000թ․ համատեղել մանդատը վճարովի աշխատանքի հետ։

Թերի հաշվարկներ, անիմաստ կորուստներ

Այս անտեղյակության հետևանքով 10-ից ավելի անգամ թերհաշվել են նախարարի մոտ 3 տարվա աշխատավարձը, նույնքան պատգամավորական աշխատավարձն ու փոխհատուցումները, ինչպես նաև՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի ավելի քան կես տարվա աշխատավարձը։

Առավել մեծ խեղաթյուրումն արձանագրվել է գործուղումների մասով։ Ֆինանսների նախարարության և կառավարության սահմանած նորմերը անտեսելով՝ դատախազությունը 22 տարվա ընթացքում մոտ 200 գործուղման ծախսերը ներկայացրել է որպես անձնական։ Այն դեպքում, երբ այդ ծախսերն իրականում պետությունն է հոգացել։

Արդյունքում՝ պետության անունից ներկայացված հայցը ոչ միայն խոցելի է իրավական առումով, այլ նաև ծախսատար։ Վատնվում են թե՛ պատասխանողի, թե՛ պետության ռեսուրսները։

Եթե դատախազությունը չի տիրապետում հիմնարար օրենքներին, Սահմանադրությանը, կառավարության որոշումներին ու նախագահի հրամանագրերին, ապա արդարացի հարց է առաջանում․ ինչո՞ւ է նույն այդ մարմինը ստանձնել ապօրինի գույքի բռնագանձման գործերի հարուցումն ու քննությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս