Հավատում ենք, որ կրթված և գաղափարականորեն ամուր երիտասարդությունը կարող է կանխել ազգային ինքնության քայքայումը և ապահովել պետականության անխախտ շարունակականությունը․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ նշվում է Երիտասարդության Միջազգային օրը, մենք, Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կառույցի ներկայացուցիչներս, մեր խոսքը ուղղում ենք մեր սերնդին՝ որպես ազգային գաղափարների և պետականության պահպանման առաջնագծում կանգնած ուժի։

Հայ երիտասարդը պետք է մնա իր պատմական առաքելությանը հավատարիմ՝ պաշտպանել և զարգացնել այն արժեքները, որոնց վրա դարերով կանգուն է մնացել մեր ազգը՝ հայրենասիրություն, պետականություն, լեզու, մշակույթ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Այս արժեքները ոչ միայն մեր անցյալի հենասյուներն են, այլև ապագայի անխախտ հիմքը։

Այսօր, աշխարհաքաղաքական և ներքին մարտահրավերների պայմաններում, մեր սերունդը պարտավոր է լինել ազգային ինքնության պահպանման առաջամարտիկը՝ միաժամանակ ընդլայնելով իր գիտելիքները, հմտությունները և կարողությունները՝ հանուն Հայաստանի անվտանգության, խաղաղության և զարգացման։

Մենք հավատում ենք, որ ուժեղ, կրթված և գաղափարականորեն ամուր երիտասարդությունը կարող է կանխել ազգային ինքնության քայքայումը և ապահովել մեր պետականության անխախտ շարունակականությունը։

Մեր նպատակը հստակ է՝ անվտանգ, ինքնուրույն և արժանապատիվ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ գիտակցում է իր պատասխանատվությունը և իր տեղը պետության կերտման գործում։

Շնորհավորում եմ մեր ողջ երիտասարդությանը այս խորհրդանշական օրվա կապակցությամբ և մաղթում՝ լինել համարձակ, հավատարիմ և պատրաստ՝ ծառայելու Հայրենիքին»։

Տեսանյութեր

Լրահոս