
Ռյուտեն կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ առցանց քննարկումներին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի օրը կմասնակցի Ուկրաինայի հարցով վիրտուալ քննարկումներին։ Այդ մասին տեղեկանում ենք հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հայտարարությունից։
«Օգոստոսի 13-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կմասնակցի Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների առցանց քննարկումներին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար», – ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ կկազմակերպի հեռավար բանակցություններ՝ Թրամփի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի ղեկավարության, եվրոպական խոշոր երկրների ներկայացուցիչների, Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ։
Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների ներկայացուցիչները առանձին զրույց կունենան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նրա զրույցից առաջ։