Որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականները և Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

«Իլուր»-ի հարցին, թե ինչպես կգնահատեք Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.

«Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որևէ դրական բան չի տեսնում, այլև, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետևանքները։

Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ` դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։

Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեև, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը:

Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։

Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որևէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլև դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։

Մի խոսքով, Հայաստանի և Իրանի ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որևէ թյուրըմբռնում չեմ տեսել»։

Տեսանյութեր

Լրահոս