Կիևը չի դիտարկում ՌԴ-ին տարածքներ հանձնելու սցենարները. Սիբիհա

Կիևը չի դիտարկում այն սցենարները, որոնք նախատեսում են պատերազմի դադարեցման դիմաց տարածքների մի մասի հանձնում Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։  Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Պատասխանելով հնարավոր զիջումների վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությանը վերաբերյալ հարցին՝ Սիբիհան հիշեցրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դիրքորոշումը։

«Նախագահ Զելենսկին արդեն հրապարակավ տվել է պատասխան, և դա Ուկրաինայի սահմանադրությունն է։ Ուկրաինայի սահմանադրությունը պարունակում է ձեր հարցի բոլոր պատասխանները։ Ուկրաինան ձգտում է արդար, համապարփակ, կայուն խաղաղության՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի վրա», – ասել է նախարարը։

Սիբիհան ընդգծել է, որ այս փուլում առաջնահերթությունը հրադադարի հաստատումն է, որը հիմք կդառնա հետագա բանակցությունների համար։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հինգ ամիս առաջ Ուկրաինան ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ անվերապահ հրադադարի վերաբերյալ, և այժմ սպասում է Ռուսաստանից նմանատիպ համաձայնության։

«Եվ, իհարկե, մեզ այստեղ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների և՛ ներգրավվածությունը, և՛ առաջնորդությունը, և մենք շնորհակալ ենք այդ ջանքերի համար», – եզրափակել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի համար պետք է լինի տարածքների փոխանակում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ տարածքային հարցն ամրագրված է երկրի սահմանադրությամբ, և Ուկրաինան «իր հողերը չի հանձնի օկուպանտին»։

Տեսանյութեր

Լրահոս