
Փաշինյանը զանգահարել է Պուտինին ու ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածությունները. Կրեմլ

Կրեմլից հաստատում են` հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին:
Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը: Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման նախապատրաստման մասին: Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ հրատապ հարցերի՝ շեշտը դնելով առևտրային և ներդրումային համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման վրա»,-ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում: