Բաժիններ՝

«Երբ ընտանիքին հանում էին իրենց տնից, այնտեղ էի». որտե՞ղ է այս պահին բնակվում տնից վտարված Խուդայանների բազմանդամ ընտանիքը

Օրերս «Հետքը» գրել էր, որ Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում բնակվող Խուդայանների հաշմանդամություն ունեցող բազմանդամ ընտանիքին ոստիկանության աշխատակիցներն իրենց տնից վտարել են։

Կայքի փոխանցմամբ, 69-ամյա Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեն, բոլորն էլ՝ տեսողական խնդիրներով։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի, 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։

Տարիներ առաջ վերցրած վարկերը Սերգեյ Խուդայանը չի կարողացել մարել, սեփական դիմումով ճանաչվել է սնանկ, ապա նրանց տունը հանվել է աճուրդի և վաճառվել։ Տունը գնահատվել է 39 մլն դրամ, և այնքան է սակարկվել, որ վաճառվել է մոտ 9 մլն դրամով։

Կարդացեք նաև

Ինչպես երևում էր հրապարակված տեսանյութից, ընտանիքի անդամները լացելով՝ մի քանի իրեր են վերցնում ու լքում իրենց տունը, իսկ փոքրիկ երեխաները լացելով ասում են, որ չեն ուզում իրենց տնից հեռանան։

168.am Խաչփարի վարչական ղեկավար Արայիկ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե այս պահին այդ ընտանիքը որտե՞ղ է բնակվում, ի՞նչ տեղեկություններ ունի ընտանիքի ճակատագրի մասին, և արդյո՞ք գյուղապետարանը կարող է որևէ բանով օգնել նրանց։

Արայիկ Գաբրիելյանը մեզ փոխանցեց, որ այս պահին ընտանիքը բնակվում է Երևանում, բարեկամի տանը։

«Այդ օրը, երբ ընտանիքին հանում էին իրենց տնից, ես այնտեղ էի գտնվում։ Թե այս պահին Երևանի կոնկրետ ո՞ր հատվածում են բնակվում, տեղեկություններ չունեմ։

Մենք կոնկրետ այս դեպքում ֆինանսապես չենք կարող օգնել, քանի որ իրենց վերցրած վարկը շատ մեծ է, մեր գյուղապետարանն այդքան ֆինանս չունի։ Սերգեյ Խուդայանը դիմել է մեզ, մենք իրեն օգնել ենք մի քանի անգամ։

2024 թվականին իր աղջիկը նույնպես մեզ դիմել է, մենք օգնել ենք, բայց քանի որ 2025 թվականին այդ օգնության բաժինը փակվել է, մենք այլևս չենք կարողացել օգնել իրենց։ Ինչ վերաբերում է իրենց վերցրած ընդհանուր գումարին՝ այն շատ մեծ գումար է, համայնքը չի կարող այդքան գումար հատկացնել»,- նշեց Արայիկ Գաբրիելյանը։

Նա նաև փոխանցեց, որ այս խնդրի հետ կապված՝ Սերգեյ Խուդայանին ուղղորդել են հանրային պաշտպանի մոտ։ Օրեր անց Սերգեյ Խուդայանն ասել է, որ հանրային պաշտպանն այդ հարցում իրեն չի կարող օգնել։

«Մեզ մոտ մաքրուհու ազատ հաստիք ունեինք, ես նունիսկ Սերգեյ Խուդայանի դստերն առաջարկել եմ այդ աշխատանքը, աշխատավարձի մի մասը կգնար հարկադիր, որպեսզի այսօրվա այս խնդիրը չունենային, ասաց, որ չի ուզում, քանի որ իր աշխատավարձն ամբողջությամբ գնալու է հարկադիր։ Սա էլ մեր կողմից օգնության մի ձև, որն արեցինք»,- շեշտեց Խաչփարի վարչական ղեկավարը։

Նա նաև փոխանցեց, որ Խուդայանների ընտանիքում որևէ մեկը մասնագիտություն չունի, միայն 69-ամյա Սերգեյ Խուդայանն ունի մանկավարժի մասնագիտություն և դասավանդել է կույրերի դպրոցում։

«Ինքս տեղյակ չեմ իրենց ֆինասնական միջոցներից, այսինքն՝ չգիտեմ՝ նպաստ ստանո՞ւմ են, թե՞ ոչ, որքան տեղյակ եմ՝ թոշակ են ստանում։ Քանի անգամ ես իրենց ասել եմ, որ նորմալ փաստաբան վարձեն, որպեսզի կարողանան այդ տունը գոնե պահեն։ Որքան ես եմ տեղյակ, այդ գումարն իրենք վերցրել են, որ ինչ-որ գոմ սարքեն, բայց այդպես էլ չեն կարողացել սարքել»,- ընդգծեց Արայիկ Գաբրիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս