Բաժիններ՝

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Որոշման համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 50 տեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների ներկայացրել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա:

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգելու ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստելու բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովելու շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի իրականացված ծրագրերի արդյունքում մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական կադրերով համալրվածությունը վկայում է այն մասին, որ ծրագիրը հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով: Ըստ մասնագիտությունների՝ առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգները, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:

Կառավարության որոշմամբ գործադիրը նաև լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031