
Ինչ է պետք ավելացնել սննդակարգում՝ սթրեսն ավելի հեշտ հաղթահարելու համար

Ժամանակակից մարդու կյանքում սթրեսը դարձել է գրեթե մշտական ուղեկից։ Հաճախակի ճգնաժամերը, պատերազմները, խելահեղ առօրյան և տեղեկատվական ծանրաբեռնվածությունը մեծ ազդեցություն են ունենում մեր հուզական աշխարհի վրա։ Սթրեսը խաթարում է ինքնակարգավորման բնական մեխանիզմները և կարող է հանգեցնել տարբեր տհաճ հետևանքների՝ քնի ռեժիմի խանգարում, աշխատունակության նվազում, հիշողության վատթարացում, հորմոնալ ֆոնի փոփոխություն, սրտխփոց և այլն։
Սթրեսից ամբողջովին խուսափել գուցե անհնար է, սակայն օրգանիզմին աջակցել՝ հնարավոր։ Glamour.ru-ն ներկայացնում է երեք կարևոր նյութեր, որոնք կօգնեն սթրեսի դեմ պայքարում։
Մագնիում
Մագնիումը կարևորագույն հանքանյութ է, որն օգնում է նվազեցնել սթրեսը, մասնակցում է սպիտակուցների ստեղծմանը, էներգիայի վերամշակմանը, պաշտպանում է երիկամներում քարերի առաջացումից և բարելավում է մարսողությունը։
Մագնիումով հարուստ են սպանախը, ընկույզը և հնդկաձավարը:
Վիտամին C
Վիտամին C-ն կարևոր է նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար և օգնում է նվազեցնել հոգնածությունը։ Այն կուտակված է հիմնականում մակերիկամներում, որտեղ անհրաժեշտ է կորտիզոլի (սթրեսի հորմոն) սինթեզի համար։ Սթրեսի ժամանակ վիտամին C-ի պաշարներն արագ սպառվում են։
Խորհուրդ է տրվում օգտագործել բուլղարական պղպեղ, բրոկոլի, կաղամբ՝ թարմ կամ թթու, կիվի, կիտրոն, նարինջ և այլ ցիտրուսներ:
Վիտամին B5
B խմբի բոլոր վիտամինները կարևոր են սթրեսի դիմադրողականության համար, սակայն B5-ը հատկապես առանցքային դեր ունի։
Սաղմոնը, հավի լյարդը, ավոկադոն և արևածաղկի սերմերը հարուստ են վիտամին B5-ով: