
100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ նախազգուշացրել են Գազայում զանգվածային սովի մասին

Միջազգային 100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ և մարդու իրավունքների հարցերով խմբեր նախազգուշացրել են Գազայի հատվածում զանգվածային սովի մասին՝ հորդորելով կառավարություններին միջոցներ ձեռնարկել։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կազմակերպությունները նշում են, որ Գազայում օրական բաժանվում է միջինը 28 բեռնատար օգնություն, մինչդեռ ՄԱԿ-ը նախկինում հայտնել էր, որ օրական առնվազն 600 բեռնատար օգնություն պետք է բաժանվի 2 միլիոն բնակչության կարիքները հոգալու համար։
Կազմակերպությունները նաև կոչ են արել հրադադար հաստատել պաղեստինյան անկլավում, բացել անցակետերը և սննդի լիակատար հոսք թույլատրել՝ ՄԱԿ-ի կողմից կառավարվող մեխանիզմով։ Բացի այդ, նամակում նշվում է, որ Իսրայելը կեղծ խոստումներ է տալիս օգնության ծավալները մեծացնելու մասին, սակայն տեղում որևէ փոփոխություն չկա։ Իր հերթին, Իսրայելը հայտնել է, որ Գազայի հատվածում 950 բեռնատար օգնություն կա, որը միջազգային կազմակերպությունները պետք է բաշխեն։ Սակայն հումանիտար կազմակերպությունները նշում են, որ Իսրայելի կառավարության սահմանափակումների պատճառով իրենք չեն կարողանում մոտենալ օգնությանը կամ բաշխել այն։
Իսրայելն իր հերթին հայտարարում է, թե համակարգը, որը կառավարում է Գազայի հումանիտար հիմնադրամը, թույլ չի տալիս, որ հումանիտար օգնությունը գողացվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 48 ժամ վա ընթացքում անկլավում 33 մարդ է մահացել թերսնուցումից, նրանց թվում կա 12 երեխա։ Թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, այդ թվում՝ 80 երեխա։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի զինվորականների կրակից մայիսի 27-ից զոհվել է հումանիտար օգնության սպասող 1026 պաղեստինցի։ ՄԱԿ-ը հայտնել էր 1054 զոհի մասին։ Ընդհանուր առմամբ, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, անկլավում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ներխուժման, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։ Պատանդների մի մասը դեռ ՀԱՄԱՍ-ի մոտ է։