
«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնը կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնել է Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշել է՝ մրցանակը հանձնում են մի կինոարվեստագետի, որը հիացրել է իրենց։
«Հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,-ընդգծել է Ավետիսյանը։Մրցանակն Ադիլխան Երժանովին է հանձնել Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետոզոտական ինստիտուտ է։ Առաջին հայացքից կինոյի հետ կապն այդքան ամուր չէ, բայց կինոյին և Մատենադարանին կապում է երկուսի՝ ազգային և համամարդկային լինելը։
Առիթից օգտվելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան։ Ո՞վ գիտի՝ գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որևէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,-ընդգծել է Վահե Թորոսյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայկ Պետրոսյանը և «Լիլլա» կամերային խումբը կոմիտասյան կատարումներով։ Միջոցառումը եզրափակել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ հյուրերի հետ ավանդույթ դարձած քոչարիի շուրջպարով։