
ՀՀ կառավարությունից պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթը. Մկրտչյան
Արցախցիները բողոքի ակցիան և նստացույցը շարունակում են կառավարության շենքի դիմաց։ Ուշ երեկոյան «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել է Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց, քանի որ կարծում են` իրենց հարցերի հասցեատերը գործադիր իշխանությունն է։
Արցախցիները հուլիսի 12-ին հանրահավաք էին կազմակերպել Երևանում, որից հետո ոստիկանները թույլ չտվեցին երթ իրականացնել` հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։
«Մենք շարունակելու ենք մեր պայքարը, փորձելու ենք այսօր այստեղ նստացույց իրականացնել։ Կոնկրետ կառավարությունից այս պահի դրությամբ պահանջում ենք կանխել արցախցիների արտագաղթն ու դրսում հայտնվելը, անտուն դառնալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ եթե արցախցիները միասնական իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, կառավարությունը կլսի նրանց, գոնե աջակցության ծրագրերի պայմանների նվազագույն բարելավում կանի։ Թե ինչու էին վերջին հանրահավաքին քիչ թվով արցախցիներ մասնակցում, Մկրտչյանը նշեց՝ մի կողմից իշխանությունների քարոզչության հետևանք է, մյուս կողմից էլ ճնշումների հետևանքով վախի մթնոլորտ է ստեղծվում։
«Վստահ եմ, որ շարունակելով մեր ճանապարհը՝ հասնելու ենք մեր իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Մկրտչյանը։